Քոբանիի հայկական անցյալը

Kobani Armenian PastՍտամբուլում լույս տեղնող «Ակօս» թերթի թղթակից Սերդար Քորուջուն «Քոբանին 1915-ին» վերնագրով հոդված է հրապարակել: Հեղինակը գրում է, որ Քոբանին, որն այժմ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի մահվան քարավանների վերջին կանգառն է եղել: Այսօր Քոբանիի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով մահվան սպառնալիքի առաջ է կանգնած տեղի բնակչությունը: Քորուջուի հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

«Իսլամական պետություն» անունով խալիֆայություն հռչակված և աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված «Իրաքի ու Շամի իսլամական պետության» (ISIS – ՍիվիլՆեթ) թիրախում հայտնվել է քրդական Քոբանի բնակավայրը, որը սիրիական պետության մեջ արաբերեն կոչվում է Այն ալ Արաբ՝ «Արաբների աչք», «Արաբների աղբյուր»: Իսկ ամենամեծ մտահոգությունն այն է, որ այս տարածքը, որը 1915թ. ցավալի իրադարձությունների ականատես է եղել, նոր ցեղասպանության եզրին է կանգնած:

20-րդ դարասկզբին Այն ալ Արաբը կամ ինչպես տեղաբնակ քրդերն են անվանում՝ Քոբանին, 1912թ. շահագործման հանձնված Քոնիա-Բաղդադ երկաթգծի կանգառներից մեկն էր: Վերջին շրջանում Քոբանիի՝ ուշադրության կենտրոնում հայտնվելու պատճառն այն է, որ սեպտեմբերի 15-ին ISIS-ը հարձակվեց YPG-ի (Սիրիայի քրդական զինուժ – ՍիվիլՆեթ) վրա, որը տարածաշրջանում ռազմական մեծ ուժ է ներկայացնում:

Քաղաքացիական պատերազմից (Սիրիայում – ՍիվիլՆեթ) առաջ Քոբանին ուներ մոտ 200 հազ. բնակիչ, սակայն վերջին շրջանում դեպի հյուսիս շարժվող փախստականների հոսքի հաշվին շրջանում աճել է բնակչության թիվը:

ISIS-ն Այն ալ Արաբը ցանկանում է վերածել Այն ալ Իսլամի, այսինքն` «Իսլամական աչքի»: Իսկ YPG-ն Ռոժավայի տարածաշրջանում ինքնավարություն հռչակած ամենափոքր միավորն է: Քոբանին կարևոր է նաև այն տեսանկյունից, որ Աբդուլլահ Օջալանը 1979թ. հուլիսի 2-ին Սուրուճից (Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական շրջան – ՍիվիլՆեթ) անցել է հենց Քոբանի:

Այժմ շրջանի քուրդ ղեկավարները նախազգուշացնում են, որ եթե ISIS-ը գրավի Քոբանին, տեղի բնակչությունը ցեղասպանության վտանգի առաջ կկանգնի: Մեծ մտավախություն կա, որ կրկնվելու է այն, ինչ 1915թ. տեղի է ունեցել հայ նահատակների հետ:

Հայոց ցեղասպանության ժամանակ Հալեպում Գերմանիայի հյուպատոս Վալտեր Ռոսլերի՝ Գերմանիայի կայսրության կանցլեր Բեթման Հոլվեգին Քոբանիից (անվանում է Արաբ Փունար) ուղարկած զեկույցներում տեղեկություններ կան հայերի վերաբերյալ:

Վալտեր Ռոսլերն իր 1915թ. օգոստոսի 13-ի զեկույցում պատմում է օգոստոսի 11-ին իրեն ուղարկված մի ավստրալացու գրառումների մասին:

«Այդ գրառումներից հայտնի է դառնում, որ ցեղասպանության զոհ գնացած մարդկանց դիակները վառում էին: Ուրֆա – Արաբ Փունար ճանապարհին մթության մեջ դիակ չէի տեսնում, սակայն իմ վարորդը, որն այս ճանապարհով անընդհատ գնում-գալիս է, ցույց էր տալիս դիակների այրման տեղերը, որովհետև մարդկային դիակները անմիջապես վառվում են»,- պատմել է Վալտեր Ռոսլերը:

Գրառումներում խոսվում է նաև աքսորյալների քարավանների մասին. «Քարավանները տառապանքով ու լացուկոծով առաջ էին շարժվում: Երբ այս խեղճերը մարդկանց էին հանդիպում, ծնկի էին գալիս, օգնություն աղերսում կամ իրենց երեխաներին տալիս էին այդ մարդկանց: 56 աստիճան շոգին և առանց ջրի` քարավանի մեծ մասը ճանապարհին մահանում է. քարավաններից հետ մնացածների համար էլ մահը երաշխավորված է»:

1916թ. հունվարի 3-ի զեկույցում Ռոսլերը մանրամասն նկարագրում է, թե ինչպես են մահանում այդ շրջաններում (Քոբանի և հարակից շրջաններ – ՍիվիլՆեթ) հաստատված հայերը:

«Նախորդ զեկույցներում բազմիցս նշել եմ՝ հայերի դիակները չեն թաղվել, թողնված են ճանապարհի այս կամ այն կողմում և վայրի գազանների կեր են դարձել: Ինձ լուրեր են հասել այն մասին, թե հիվանդ, հյուծված և անօթևան մնացած հայերով ոչ ոք չի հետաքրքրվում. նրանք դեռ ողջ են, սակայն կասկածից վեր է, որ շուտով շների կեր են դառնալու»,- նշել է Ռոսլերը:

Մեկ այլ ապացույց Արաբ Փունարում գտնվող տարեց և բացարձակ վստահելի գերմանացի մի ինժեներից, որը Հարաբ Նասա գնալիս տեսել է, թե ինչ է տեղի ունենում ճանապարհներին. «Այդ երկու բնակավայրերի արանքում ճանապարհին ընկած ու նեխած դիակները այնպիսի հոտ էին արձակում, որ ձիով անցնելիս մարդիկ դեմքը փակում են»:

Ուրֆայից դեպի սիրիական անապատներ տանող ճանապարհները ցեղասպանության զոհերի համար մահվան ճամփորդության վերջին կանգառը դարձան: Վերժինե Սվազլյանի գրքում ներկայացված է Ցեղասպանությունից փրկված՝ 1902թ. ծնված Սուրեն Սարգսյանի պատմությունը:

«Մեզ տարան Ուրֆա, այնտեղից էլ քշեցին անապատային ու ամայի մի վայր, որտեղ ընդամենը մի քանի ծառ կար: Այդ գիշեր անձրև եկավ, և սառը քամի փչեց: Գիշերը հարյուրավոր մարդիկ մահացան: Գիշերը քրդերի բերեցին, որոնք մի մեծ փոս փորեցին: Քրդերը, որոնց ձեռքին պարաններ կային, մտան ժողովրդի մեջ: Հիվանդներին հարվածում էին, մահացածներին կամ կենդանի մնացածներին՝ ով որտեղ պառկած էր, պարաններով կապում էին և քարշ տալով տանում-գցում էին փոսը: Նույնիսկ կենդանի մարդկանց պարանոցին պարան էին անցկացնում, տանում էին ու փոսը նետում: Նրանք ուշադրություն չէին դարձնում այդ մարդկանց հարազատների հեկեկոցներին ու աղաղակներին: Այնտեղից կրկին տարան դեպի հարավ, քշեցին մի այլ ամայի վայր: Տիֆով վարակված կանայք գոռում էին` ջո՛ւր տվեք»,- պատմել է Սուրեն Սարգսյանը:

Կոտորածի այդ վայրը տարիներ հետո հայերի համար այլ նշանակություն է ձեռք բերում: Հայ բնակչության համար տարածքում բացվում է երկու դպրոց` Խրիմյանի անվան նախակրթարան ու ՀԲԸՄ-ի Ավետիս Սարաֆյանի նախակրթարանը: 1927թ. բացված Խրիմյանի անվան դպրոցը գործեց մինչև 1962թ.: 1950թ. բացված ՀԲԸՄ-ի Ավետիս Սարաֆյանի նախակրթարանն էլ 25 տարի գործեց:

Շատ ընտանիքներ նախքան Հայաստան գնալը բնակություն են հաստատում Քոբանիում:

Նրանցից մեկը ցեղասպանությունից փրկված՝ 1903թ. Ուրֆայում ծնված Նվարդ Պետրոս Աբլափությանն է: 1915թ. սպանում են նրա հորն ու եղբորը, մնացածին, այդ թվում՝ Նվարդին, քշում դեպի Դեր Զոր: Նա այդ ժամանակն այսպես է բնութագրում. «Լացուկոծ, հեկեկոց, արցունքներ…. կարծես Աստված բարկացել էր մեզ վրա, աքսորի էր քշում: Եղբայրս 7 տարեկան էր, մտրակի հարվածից մահացավ: Դեր Զորի շրջակայքի գյուղերում էինք: Ոստիկաններն ում ձեռքին փող տեսնեին՝ վերցնում էին, ծեծելով՝ սպանում: Երեխաներին նետում էին կրակը: Նրանք գոռում էին. «Ոչ մի հայ բիճ կենդանի չենք թողնելու»»:

1931թ. Դեր Զորում ամուսնացած Նվարդ Պետրոս Աբլափությանը Հայաստան գնալուց առաջ 1915թ. վերապրածներից շատերի պես հաստատվում է Քոբանիում, որը Արաբ Փունար էր կոչվում:

«Շատ-շատ դժվարություններ տեսնելուց հետո գյուղից տեղափոխվեցինք Երևան»,- պատմել է Աբլափությանը:

Մեկնաբանել