Սիրիական ողբերգությունը, քրդերն ու ՆԱՏՕ-ն

Syrian tragedy YurttagulToday’s Zaman-ում լույս է տեսել սյունակագիր Ալի Յուրթթագյուլի հոդվածը՝ «Սիրիական ողբերգությունը, քրդերն ու ՆԱՏՕ-ն» վերնագրով: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

Ամենամեծ սխալը, որն արել են և՛ ՆԱՏՕ-ն, և՛ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սիրիական ողբերգության հարցում, դա այն էր, որ նրանք սպասողական դիրք որդեգրեցին և չկարողացան ճիշտ հաշվարկել Ռուսաստանի ռազմավարությունը: Որպես հետևանք՝ ոչ միայն զոհվեցին տասնյակ հազարավոր սիրիացիներ, այլև «Իսլամական պետությունը» (ISIS) ներթափանցեց տարածաշրջան և ամայացրեց այն: Բոլոր տարբերակները, որոնք կարող էին անցյալում օգտագործված լինել՝ որպես հետևողական քաղաքականություն Բաշար Ասադի դեմ, այժմ անիմաստ են դարձել: Դաշտում այժմ պատերազմող նոր քաղաքական դերակատարներ կան: ISIS-ի սպառնալիքն արդեն ճանապարհ է հարթել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) վերելքի համար, և Թուրքիան համագործակցում է Ասադի հետ՝ թեև միայն օդային տարածքի հարցում:

Անկարան մտահոգված է այս զարգացումներով: Այն դիտարկում է Ասադին՝ որպես խնդրի և ողբերգության և ոչ թե լուծման մի մաս: Հետևաբար, այն ակնկալում է, որ իր դաշնակիցները հանդես կգան «առանց Ասադի» կայուն լուծմամբ:

Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ի այլ մայրաքաղաքներ շփոթված են: «Առանց Ասադի» լուծումը խնդիրներ կստեղծի Սիրիայի հետ, միևնույն ժամանակ, Անկարան և Վաշինգտոնը համաձայնության չեն գալիս «Ասադից հետո» սցենարների և քաղաքական դերակատարների հարցում: Թուրքիան և ԱՄՆ-ը նույնպես տարրակարծիք են Ասադից հետո ուժերի և «Մուսուլման եղբայրների» հարցում:

Ավելին՝ ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամները վստահ են, որ քրդերին ու PKK-ին պետք է զինել ISIS-ի սպառնալիքին դիմակայելու համար:

Նույնապես, Վաշինգտոնը, Փարիզը և Լոնդոնը հստակ պատասխաններ չունեն այն հարցին, թե ինչ կլինի ISIS-ից հետո զինված PKK-ի հետ: Զինել մի կազմակերպության տարիներ շարունակ նրան զինաթափել փորձելուց հետո՝ անիմաստ է հնչում Անկարայի համար:

Այս օրերին ամենամեծ խնդիրը, որ Անկարան հրաժարվում է տեսնել, ժամանակն է: Անկարան անում է նույն սխալը, որը Վաշինգտոնն արել է երեք տարի առաջ՝ սպասում է: Թույլ տվեք զարգացնել այս միտքը:

Երբ խոսքը վերաբերում է Ասադին, Անկարան ճիշտ է. Սիրիան արյան ծովի վերածելու համար պատասխանատուները Ասադն ու այն ուժերն են, որոնցից նա մշտապես կախված է եղել:

Անշուշտ, այլևս անհնար է կառուցել խաղաղ Սիրիա Ասադի հետ և ոչ միայն այն պատճառով, որ իր քայլերը կառուցում է Նուսայրի փոքրամասնության (երբեմն այսպես են անվանում ալևիներին – ՍիվիլՆեթ) վրա և ճնշում սուննի մեծամասնությանը Սիրիայում: Ո՛չ, պատճառը նաև այն է, որ նա առաջնորդ է, որը ռմբակոծել է իր սեփական քաղաքներն ու մարդկանց՝ սպանելով 200 հազ. մարդու:

Նա իսկապես խնդրի մի մաս է կազմում:

Ակնկալել Անկարայից, որ նա հանգիստ կնայի PKK-ին զինելու գաղափարին, կնշանակի անտեսել Թուրքիայի վերջին շրջանի պատմությունը: PKK-ին զինելու որոշումը մի բան է, որ Անկարայում ցանկացած պատասխանատու քաղաքական գործիչ դժկամորեն կանի: Ի վերջո, Թուրքիայի մայրաքաղաքում հիմնական նպատակը PKK-ի անդամներին լեռներից իջեցնելն ու այնպես անելն է, որ դադարեցնեն կռիվը:

Չնայած բոլոր այս հասկանալի մտահոգություններին՝ Անկարան սխալվում է՝ փորձելով ժամանակ շահել: ISIS-ը հիբրիդային կազմակերպություն է, որը հիմնված է արաբական ազգայնականության և արմատական գաղափարախոսության վրա, որն ունի Թուրքիան տասնամյակներով դժոխքի վերածելու ներուժ:

Քրդական սոցիալական կառուցվածքին և վերջին զարգացումներին հպանցիկ հայացք գցելը բավական է տեսնելու համար, որ քրդական հարցում ներկա փակուղին կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների, որոնք PKK-ն կդարձնեն է՛լ ավելի ցանկալի: Եթե ISIS-ի առաջընթացն արդյունավետորեն չկանխվի, դա հսկայական խնդիրներ կառաջացնի Թուրքիայի համար՝ պայմանավորված 5 մլն փախստականների ներհոսքով:

Լուծումը քրդերի հետ խաղաղության գործընթացում է: Անկարան մտահոգված է PKK-ով, և մտահոգվելու տեղ կա, սակայն նա պետք է տեսնի, որ քրդերը Անկարայի հետ ունեն ինքնավստահության խնդիր: Քրդերը տարիներ շարունակ վարկաբեկվել են ու զրպարտանքի ենթարկվել, ինչպես նաև խաբվել:

Զարմանալի չէ, որ քրդերի համար դժվար է հեռանալ Ասադից: Վստահության կառուցումը պետք է սկսվի Անկարայում՝ խնդրի սկզբնաղբյուրում:

Մեկնաբանել