Ռուսաստանն ու Աբխազիան միացյալ բանակ կստեղծեն

Աբխազիայի խորհրդարան է ներկայացվել Ռուսաստանի հետ «Համագործակցության և ինտեգրման մասին» պայմանագրի նախագիծ, որով նախատեսվում է Աբխազիայի՝ տնտեսության, սոցիալական և կրթական ոլորտում ռուսական չափորոշիչների մոտեցում, ինչպես նաև միասնական հրամանատարությամբ միացյալ զորամիավորումների ստեղծում, հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» պարբերականը: Աբխազիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Աստամուր Տանիայի խոսքով՝ Աբխազիայի գերատեսչությունները և խորհրդարանը կարձագանքեն նախագծին, որից հետո կստեղծվի աշխատանքային խումբ՝ նախագիծը ռուսական կողմի հետ քննարկեու համար:

«Վեդոմոստին» վկայակոչելով Ռուսաստանի նախագահի աշխատակազմում իր աղբյուրը, նշում է, որ նոր պայմանագիրը ընդլյանում և լրացնում է 2008թ. Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված «մեծ պայմանագիրը»: 2008-ի պայմանագիրը ամրագրում էր ռուս-աբխազական համաձայնությունների նոր որակը, նոր պայմանագիրն ուղղված է բոլոր ոլորտներում ինտեգրման մակարդակի բարձրացմանը:

Օրինագծով նախատեսվում է Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորամիավորումների ստեղծում արտաքին ագրեսիային դիմակայելու և սահմանների համատեղ պահպանության համար: Ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարը նշանակվում է Ռուսաստանի կողմից, և զորամիավորումը ռազմական պատրաստվածության մատակարարման և դրամական ապահովման միասնական չափորոշիչներ կունենա, որոնց պետք է հասնել երեք տարում, ընդ որում՝ այս ամենի համար վճարելու է Ռուսաստանը:

Ինչ վերաբերում է ռուս-աբխազական սահմանն ազատ հատելուն, դա նախատեսվում է իրականացնել պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո՝ անվտանգության միջոցների պահպանմամբ:

Պայմանագրի վավերացումից մեկուկես տարի հետո նախատեսվում է միասնականացնել Աբխազիայի մաքսային գործընթացները Մաքսային միության գործընթացների հետ: Աբխազիան և Ռուսաստանը պարտավորվում են ավելացնել Աբխազիայի բյուջետային աշխատողների աշխատավարձերը և թոշակները ՝ դրանք Ռուսաստանի Հարավային օկրուգում աշխատավարձերի չափերին մոտեցնելու նպատակով: Բացի այդ՝ Աբխազիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները կմիանան Ռուսաստանի պարտադիր բժշկական ապահովագրման համակարգին և այդպիսով հնարավորություն կունենան բժշկական օգնություն ստանալ Ռուսաստանի տարածքում:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հոկտեմբերի 11-ին Աբխազիայի զինված ուժերի 22-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել էր, որ Աբխազիան Ռուսաստանի հետ ռազմական նոր պայմանագիր կստորագրի:

Մեկնաբանել