Թուրքիան խախտել է զինադադարը. PKK

Turkey Kurds Airstrikes«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) հայտարարություն է տարածել, որում ասված է, որ հոկտեմբերի 13-ին Թուրքիայի զինված ուժերը խախտել են շուրջ երկու տարի շարունակվող զինադադարը, հաղորդում է քրդական Firat գործակալությունը:

«Քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` 2013թ. մարտի 21-ին հրապարակած հռչակագրով սկիզբ դրված զինադադարը թեև թուրքական ռազմական ուժերի կողմից ժամանակ առ ժամանակ խախտվել է՝ երկու կողմերն էլ հիմնականում պահպանում էին այն»,- ասված է PKK-ի հաղորդագրության մեջ:

Թուրքական զինուժը օդային հարվածներ է հասցրել Հաքյարիի Դաղլըջայի շրջանում գտնվող քուրդ պարտիզանների երկու ռազմակայաններին: PKK-ն  հայտնել է, որ որևէ կորուստ չի կրել:

Ըստ թուրքական Doğan գործակալության` PKK-ի դիրքերին հարված են հասցրել Մալաթիայից և Դիարբեքիրից օդ բարձրացած F16 և F4 կործանիչները: Ըստ գործակալության` կործանիչները ծանր հարված են հասցրել PKK-ին, ինչի հետևանքով քուրդ զինյալները փախուստի են դիմել շրջանից:

Թուրքական Milliyet-ը գրում է նաև, որ հոկտեմբերի 13-ին թուրքական անվտանգության ուժերը նկատել են քուրդ զինյալների, որոնք փորձել են ներթափանցել Դերսիմի մոտակայքում գտնվող ժանդարմերիայի և թուրքական ռազմաբազայի շենք: Արդյունքում անվտանգության ուժերի և քուրդ զինյալների միջև բախում է տեղի ունեցել: Ըստ թուրքական աղբյուրների` քուրդ զինյալների գործողությունները կանխվել են, և նրանք փախել ու ապաստանել են անտառում:

Վերջին շրջանում զինադադարին վերջ տալու և թուրքական զինուժի դեմ ռազմական գործողությունները վերսկելու հայտարարություններով են հանդես գալիս PKK-ի ղեկավարներից Ջեմիլ Բայըքը և Մուրատ Քարայըլանը: Նման կոչերը պատճառաբանվում են նրանով, որ թուրքական կողմը որևէ քայլ չի իրականացնում քրդերի պահանջները բավարարելու ուղղությամբ: Բացի այդ՝ թուրք-քրդական հարաբերությունները կտրուկ սրվել են Քոբանիի իրադարձությունների ֆոնին: Վերջին շաբաթներին Թուրքիայի քրդերը հուժկու ցույցեր են կազմակերպել` պահանջելով, որ Թուրքիան այլևս չաջակցի «Իսլամական պետություն»՝ ISIS իսլամիստական ծայրահեղական խմբավորմանը: Կոշտ հայտարարություններով են հանդես եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Ուշագրավ է, որ թուրք-քրդական բախումները վերսկսվել են այն պայմաններում, երբ PKK-ի ղեկավարներից Սաբրի Օքը տարածել է Աբդուլլահ Օջալանի հայտարարությունը, որում ասված է, որ եթե Թուրքիայի կառավարությունը մինչև հոկտեմբերի 15-ը քայլեր չձեռնարկի, զինադադարին վերջ կդրվի: Թեև սա Օջալանի առաջին նման հայտարարությունը չէ, սակայն այս պահին թուրք-քրդական խաղաղության գործընթացը, ինչպես այն ընդունված է անվանել Թուրքիայում, «հոգեվարք է ապրում»:

PKK-ն Թուրքիայում ահաբեկչական կառույց է հռչակված: 1984թ. ի վեր կառույցի ռազմական թևը պատերազմ էր հայտարարել Թուրքիային և նպատակ ուներ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում անկախ պետություն ստեղծել: Այժմ քրդերի շրջանում մեծ հեղինակություն վայելող կառույցն ու նրա առաջնորդը՝ Իմրալը բանտում ազատազրկման մեջ գտնվող Աբդուլլահ Օջալանը, անկախության կոչերով հանդես չեն գալիս, այլ պայքարում են հանուն քրդերի իրավունքների: