Հայաստանին դժվար օրեր են սպասվում

tatul putinԵվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությունը պետք է դիտարկել նախ և առաջ հետևյալ տեսանկյունից` կարող է՞ր Սերժ Սարգսյանը «ոչ» ասել Ռուսաստանի, ավելի ճիշտ` Վլադիմիր Պուտինի այս նախաձեռնությանը: Եթե «այո», ապա Հայաստանը ի՞նչ գին պիտի վճարեր այդ «ոչ»-ի համար:

Սարգսյանը կամ Հայաստանի որևէ նախագահ կարող էր «ոչ» ասել, եթե պաշտոնական Երևանը, մնալով հավատարիմ հայ-ռուսական գործընկերային և ռազմավարական համագործակցության ոգուն և տառին, 1991-ից ի վեր հայտարարած լիներ արտաքին չեզոք քաղաքականության և ռազմական, քաղաքական ու տնտեսական դաշինքներին չանդամակցելու իր սկզբունքային դիրքորոշման մասին:

Անշուշտ, կարևոր են և վճռորոշ մի շարք այլ իրողություններ ևս, որոնք սահմանափակում են Հայաստանի խուսանավելու հնարավորությունները: Դրանցից առաջինը Ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունն է, ինչը Հայաստանի իշխանություններին ստիպում է զգույշ լինել` չարժանանալու Ռուսաստանի և Պուտինի հիշաչարությանը: Պակաս կարևոր չէ նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների այսօրվա վիճակը, ինչպես նաև ռազմական, քաղաքական ու տնտեսական ոլորտներում Ռուսաստանից Հայաստանի բացահայտ կախվածությունը: Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստան-Ադրբեջան սահմանի և Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով հրադադարի խախտման դեպքերը ցույց տվեցին, որ Մոսկվան ի վիճակի է լարվածություն հրահրել: Այլ հարց է, որ հայկական բանակը կարողացավ ցավալի հարված հասցնել հակառակորդին` ստիպելով նրան հաշտվել ներկա ստատուս քվոյի հետ:

Եթե Հայաստանը իրապես ձգտում է ազատվել ռուսական ազդեցությունից կամ հնարավորինս սահմանափակել այդ ազդեցությունը, ապա նախևառաջ անհրաժեշտ է Ադրբեջանի հետ խաղաղության հասնել Ղարաբաղի հարցում և լեզու գտնել Թուրքիայի հետ: Հնարավո՞ր է նման բան: Անշուշտ՝ հնարավոր է: Ամբողջ խնդիրն այն է, թե դրա դիմաց ինչ գին ես պատրաստ վճարելու: Մի կողմից Ադրբեջանի հետ խաղաղություն, մյուս կողմից` Թուրքիայի հետ կնճռոտ խնդիրների լուծում նշանակում է առնվազն հրաժարվել Ղարաբաղի շուրջ նվաճած վեց շրջաններից, ճանաչել ժամանակակից Թուրքիայի սահմանները և հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավից: Սա նվազագույն գինն է, որի պայմաններում Ադրբեջանն ու Թուրքիան վերջ կտան Հայաստանի շրջափակմանն ու թշնամական քաղաքականությունը: Անկասկած, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելը դեռ չի երաշխավորելու Ռուսաստանից Հայաստանի կախվածության վերացումը, բայց դա անհրաժեշտ պայման է:

Ճիշտ է՝ Հայաստանը չէր կարող «ոչ» ասել Պուտինին, սակայն մյուս կողմից, գործող իշխանությունը թույլ տվեց կոպտագույն սխալ, որոնց պատճառով մենք անդամակցում ենք ԵՏՄ-ին ոչ թե որպես հավասար գործընկեր Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ, այլ այդ միավորման մեջ ենք մտնում ձայնազուրկի կարգավիճակով: Ավելին, Ղազախստանն ու Բելառուսը Հայաստանին դիտարկում են ոչ թե որպես միասնական ազատ գոտու հավասար գործընկեր, այլ Ռուսաստանի նվիրյալ երկիր, որը միության ներսում առկա վեճերի և խնդիրների դեպքում միակողմանիորեն պաշտպանելու է Մոսկվային: Երբ ամիսներ առաջ Նուրսուլթան Նազարբաևը ընթերցում էր Իլհամ Ալիևի նամակը, դա անում էր ոչ թե նրա համար, որ Ղազախստանի սիրտը ցավում է Ադրբեջանի համար, այլ որովհետև ղազախները չեն ցանկանում նույն միության մեջ տեսնել մի պետության, այսինքն` Հայաստանին, որը սպասարկելու է ռուսական շահերը:

Ո՞րն էր Հայաստանի կոպտագույն սխալը

Երբ տարիներ առաջ Եվրոպական Միությունը հայտարարեց Արևելյան գործընկերություն նախաձեռնության մասին, Ռուսաստանը չափազանց նյարդայնորեն արձագանքեց: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արևմուտքը տնտեսական քաղաքականության անվան տակ շարունակում է իր ընդարձակումը դեպի Ռուսաստանի սահմաններ և տարածքներ, որոնք ընկալվում են ռուսական կենսական շահերի գոտի: Այսօր Ուկրաինան վճարում է չափազանց թանկ գին: Անշուշտ, ուկրաինական դեպքերի համար չափազանց թանկ գին վճարում է նաև Ռուսաստանը, և, ի վերջո, Ղրիմի միացումը և Դոնբասում պատերազմի շարունակումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ նաև Ռուսաստանի համար:

Ո՞րն էր Հայաստանի կոպտագույն սխալը: Պաշտոնական Երևանը պետք է գիտակցեր, որ Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների պայմաններում հնարավոր չէ իրականացնել «և-և»-ի քաղաքականություն, այսինքն` խորացնել հարաբերությունները Ռուսաստանի և վերջինիս վերահսկողության տակ գտնվող միությունների հետ, միաժամանակ Եվրոպական Միության հետ ստորագրել Ասոցացման պայմանագիրը: «Եվ-և»-ի քաղաքականություն հնարավոր է, երբ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ջերմացում կա: Մինչդեռ ակնհայտ է, որ Պուտինի երկրորդ նախագահության շրջանում Ռուսաստանն ու Արևմուտքը մտնում են նոր Սառը պատերազմի ժամանակաշրջան: Երեքուկես տարի Հայաստանը բանակցեց եվրոպացիների հետ, սակայն մեկ գիշերվա ընթացքում մտքափոխ արվեց և ցանկություն հայտնեց անդամակցել ԵՏՄ-ին: Ահա այստեղ էր սխալը: Երեքուկես տարի Հայաստանը արժանանում էր Պուտինի ոչ բարյացակամ վերաբերմունքին, իսկ երբ Սերժ Սարգսյանը կտրուկ շրջադարձ կատարեց դեպի Մոսկվա, Հայաստանը եվրոպացիների մոտ ընկալվեց որպես ոչ վստահելի գործընկեր:

Որքան էլ այսօր Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ իրենց ցանկությամբ են ընթացել դեպի ԵՏՄ, ակնհայտ է, որ Ռուսաստանն է Հայաստանին տարել այնտեղ:

Ի՞նչ է սպասվում Հայաստանին ԵՏՄ-ում

Ի՞նչ է սպասվում Հայաստանին ԵՏՄ-ում: Այստեղ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: ԵՏՄ-ն որպես միավորում կայանալո՞ւ է: Ընդհանրապես, տնտեսական միավորումները կայանում և կյանք են ունենում, երբ դրանք ստեղծվում են պետությունների ազատ կամքի դրսևորման պայմաններում: ԵՏՄ-ում չկան ընդհանուր արժեքներ ու չափանիշներ: ԵՏՄ-ն քաղաքական ծրագիր է, որի ետևում Ռուսաստանն է, եթե կուզեք՝ Վլադիմիր Պուտինը:

Ի՞նչ է շահելու և ի՞նչ է կորցնելու Հայաստանը, եթե ԵՏՄ-ն կայանա: Այս հարցն էլ չունի միանշանակ պատասխան: Բայց այստեղ էլ հարցադրումը տեղին չէ: Պետք է հարցնել` ի՞նչ էր շահելու Հայաստանը և ի՞նչ էր կորցնելու, եթե հրաժարվեր ԵՏՄ-ին անդամակցելուց: Ենթադրենք, թե Արցախի հարցում Ռուսաստանը չէր որդեգրի ադրբեջանամետ դիրքորոշում: Իսկ ինչպե՞ս էինք դիմագրավելու տնտեսական հարվածներին: Ի՞նչ գնով էր Ռուսաստանը Հայաստանին գազ վաճառելու, եթե մենք հրաժարվեինք ԵՏՄ-ից: Հայաստանում հակառուսական տրամադրություն ունեցողները առաջարկում են՝ գազ կգնեինք Իրանից: Լավ, եթե այդքան հեշտ է Իրանից էժան գազ գնելը, ապա ինչո՞ւ մինչև հիմա չենք գնում: Հայաստանի համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը ձևավորվում է Ռուսաստանում: Տարեկան Հայաստան է մտնում շուրջ երկու միլիարդ դոլար՝ դրամական փոխանցումների ձևով, որի 85 տոկոսը գալիս է Ռուսաստանից, իսկ մյուս 15 տոկոսը` մյուս երկրներից: Այսպես կարելի է շարունակել և թվերով ցույց տալ, թե ինչպիսի մեծ կախում ունի Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանից:

Մեկ բան ակնհայտ է կարճաժամկետ տեսանկյունից: Այսօր ողջ Արևմուտքը դուրս է եկել Ռուսաստանի դեմ և կիրառում է պատժամիջոցներ: Նավթի գները ընկնում են, ռուսական ռուբլին անշեղորեն արժեզրկվում է: Այս պայմաններում` Հայաստանին ԵՏՄ-ում դժվար օրեր են սպասվում:

Մեկնաբանել