Ամբողջ աշխարհը գիտի՝ Թուրքիան օգնում է ISIS-ին. թուրք ընդդիմադիր

Kilicdaroglu ISISԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի կառավարությանը և նրա ղեկավար Ահմեդ Դավութօղլուին՝ հայտարարելով, որ ամբողջ աշխարհը գիտի` Թուրքիան աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորմանը: Քըլըչդարօղլուի հայտարարությունից մի հատված թարգմանաբար ներկայացված է ստորև:

«Ասացինք՝ մի՛ օգնեք ISIS-ին, Ահմեդ բեյն էլ հայտարարեց, թե նման հայտարարություն անողը հայրենիքի դավաճան է: Ամբողջ աշխարհը գիտի, որ ISIS-ին օգնություն եք ցուցաբերում: Փաստարկներ ե՞ք ուզում: Ահա դրանք` զենքերը տեղափոխող վարորդների ու դատախազների հայտարարություններ:

Հիմա ես եմ քեզ հարցնում՝ ո՞վ է հայրենիքի դավաճանը, Ահմե՛դ բեյ: Ասում են՝ մենք հումանիտար օգնություն ենք ուղարկել Սոմալի: Էրդողանն էլ Սոմալի է գնացել` իր հետ տանելով հումանիտար օգնությունը:

ISIS-ի ձեռքում գտնվող զենքն այն զենքն է, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դավութօղլուի միջոցով ուղարկել է կազմակերպությանը: Բոլորը գիտեն այս մասին, սակայն մի մտահոգություն ունեն՝ Թուրքիայի քաղաքացիները չիմանան: ISIS-ը օրական 2 մլրդ դոլարի նավթ է ծախում: Ո՞ւմ է ծախում այդ նավթը: Անկարայում, Ստամբուլում ու Գազիանթեփում (Այնթափ – ՍիվիլՆեթ) գրասենյակներ կան, որոնք ISIS-ի զինյալներ են հավաքագրում:

(Թուրքիայում) ISIS-ի բջիջներ կան: Հավաքվում են, համատեղ նամազ անում, հարձակվում համալսարանի ուսանողների վրա: Կան նաև այնպիսիք, որոնք արտասահմանից գալիս-միանում են ISIS-ին: Հենց նրանք են այդ մասին պատմում: Բայդենի վերջին հայտարարությունը հենց այդ մասին է: Մասնավոր զրույց էր, այդ պատճառով էլ ներողություն խնդրեց, այլ ոչ թե նրա համար, թե սուտ էր: Թուրքիայի այս կառավարությունը ISIS-ին բացահայտ աջակցություն է ցույց տալիս»:

Մեկնաբանել