Հոկտեմբերի 15-ին Հայաստանի արտգործնախարարությունում Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ֆրանսիական պատվիրակությունը` Ֆրանսիայի ԱԳ նախարարության Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեն:
Քննարկվել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` վկայակոչելով առկա ձեռքբերումները և դեռևս չօգտագործված ներուժը:
Կողմերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում՝ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ: