Ստամբուլի հունական ամենահին թերթը փակվում է

ApoyevmatiniԹուրքիայում 90 տարի լույս տեսնող Apoyevmatini հունական թերթը փակում է Ստամբուլում գտնվող իր խմբագրությունը. այսօր թերթի տպաքանակն ընդամենը 600 է: 1930-1940-ականներին, երբ Ստամբուլում հույների թիվը հասնում էր 120 հազարի, թերթի տպաքանակը 35 հազար էր, աշխատողների թիվը՝ 35 հոգի: Տնտեսական ու սոցիալական պատճառներով թերթը ծանր դրության մեջ հայտնվեց. Թուրքիայի Մամուլի վարչությունը մերժեց Apoyevmatini-ին տալ պաշտոնական հայտարարություններ հրապարակելու իրավունք՝ որպես պայման դնելով 5 հազարից ավելի տպաքանակի առկայությունը: Թերթի միակ ղեկավար և խմբագիր Միհայիլ Վասիլիադիսը Apoyevmatini-ի շուրջ ստեղծված իրադրության մասին զրուցել է թուրքական Bianet կայքի հետ: Նրա խոսքով՝ այլևս ի վիճակի չլինելով հոգալ վարձակալության ծախսերը՝ ինքն, այդուհանդերձ, կշարունակի տպագրել չորս-էջանոց օրաթերթն իր տնից: Ստորև թարգմանաբար ներկայացված են հատվածներ Վասիլիադիսի հետ հարցազրույցից, ինչպես նաև թեմայի շուրջ հայտնի սյունակագիրներ Ամբերին Զամանի և Օրհան Քեմալ Ջենգիզի հոդվածներից:

«Ես դիմակայում եմ, հետևաբար՝ ողջ եմ: Ինչո՞ւ պետք է չդիմակայեմ: Մինչ մենք այստեղ խոսում ենք, մեր սահմանին մի բուռ մարդիկ դիմակայում են հազարների»,- 75-ամյա Վասիլիադիսն ասել է Bianet կայքի հետ զրույցում՝ նկատի ունենալով այս օրերին Քոբանիում ընթացող պայքարը:

Վասիլիադիսը հերքել է պնդումը, թե օրաթերթը փակվում է առհասարակ տպագիր մամուլի ոլորտում ճգնաժամի պատճառով. ավելի շուտ՝ պատմական և սոցիալական գործոններով պայմանավորված:

«Մինչև 1964թ. Ստամբուլում հույների թիվը ավելի քան 90 հազար էր, հետևաբար հունական թերթերը գոյատևում էին: Սակայն 1964թ. ընդունված որոշմամբ՝ 13 հազար հույն արտաքսվեց այստեղից. 18 ժամվա ընթացքում երեք հույներից մեկը հեռացավ Թուրքիայից: Այսօր հույների թիվը 30 հազարից պակաս է»,- պատմել է Վասիլիադիսը: Նա առաջարկում է թերթի վերջնական փակման դեպքում Ստամբուլում՝ Իսթիքլալ պողոտայում, ստեղծել թանգարան և հունական թերթի արխիվ: Գլխավոր խմբագիրն այդուհանդերձ լիահույս է, որ պարբերականը կարող է գոյատևել, եթե միջոցներ հավաքագրվեն Հունաստանից խմբագիր վարձելու համար:

«1964-ը ճակատագրական տարի էր Թուրքիայի հույների և Apoyevmatini թերթի համար. Ստամբուլի հույները թանկ վճարեցին Թուրքիայի և Հունաստանի միջև կիպրական հարցի շուրջ լարվածության համար: Ստամբուլի մոտ 13 հազար հույներին տրվեց 24 ժամ երկրից հեռանալու համար»,- օգոստոսին Al-Monitor կայքում լույս տեսած իր հոդվածում գրել է հայտնի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզը:

«Թուրքիայի հունարեն միակ թերթի պատմությունը այս երկրի փոքրամասնությունների տխուր, ցավոտ պատմություններից միայն մեկն է: Մնում է հուսալ, որ այս սագայի ավարտը կլինի Թուրքիայի փոքրամասնությունների դժբախտությունների վերջը»,- գրել է Ջենգիզը:

Հունական թերթի ճգնաժամային իրավիճակի մասին դեռ 2011թ. հուլիսի 12-ին բարձրաձայնել է հայտնի լրագրող Ամբերին Զամանը: Նա անդրադարձել է ոչ միայն թերթին, այլև առհասարակ Թուրքիայում հույների դեմ ճնշումներին:

«Այսօր Թուրքիայի «Հանրապետական թերթից» («Ջումհուրիեթ» – ՍիվիլՆեթ) հետո ամենաերկար կյանքն ունեցող հունական թերթը՝ Apoyevmatini-ն, նշում է իր 86-րդ տարեդարձը, սակայն տոնակատարությունները տխուր են անցնում, քանի որ թերթը տնտեսական պատճառներով հայտնվել է փակման եզրին»,- գրել է Ամբերին Զամանը:

«Բոլորիս է հայտնի հույների դեմ ուղղված ամենամեծ հարվածների մասին՝ Առաջին աշխարհամարտից հետո հույն և թուրք բնակչության փոխանակումը և 1955թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում տեղի ունեցած վայրագությունը: Ցավալի է, սակայն մեզանում դեռ արմատացած է «հունական պարանոյան»: Այդ պարանոյայի հետևանքով է, որ Հեյբելիադա կղզում դեռ չի բացվել հունական հոգևոր դպրոցը: Ավելին՝ դպրոցի գույքը բռնագրավվել է»,- նշել է հոդվածագիրն ու կարծիք հայտնել, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պետք է երկրի փոքրամասնությունների հանդեպ հանդես գա դրական խտրականությամբ և օգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ փոքրամասնությունների, այդ թվում՝ հույների արժեքներն ու, ինչու ոչ, նրանց թերթը պահպանելու համար:

«Տե՛ր կանգնենք մեր համատեղ մշակույթին, ապրեցնե՛նք Apoyevmatini-ն: Վաղը կապ եմ հաստատելու Միհայիլի հետ և բաժանորդագրվելու եմ թերթին»,- եզրափակել է Ամբերին Զամանը:

Մեկնաբանել