Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի մասնակցությամբ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ չի հարուցվի: ՍիվիլՆեթին ոստիկանության տեղեկատվայնության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ հոկտեմբերի 7-ին ոստիկանությունը քրեական գործ չհարուցելու որոշում է ընդունել քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ «բացակայում է հանցագործության դեպքը»:
Միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 1-ին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն:
«ԱրմԼուր» լրատվական կայքը սեպտեմբերի 25-ին տեսանյութ էր հրապարակել, որում «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» ոսկու տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն իր ձեռքով քանդում էր շուկայի այն տարածքները և ոսկյա իրերի սեղանիկները, որոնց սեփականատերերն այդ պահին մասնակցում էին կառավարության շենքի դիմաց ընթացող ցույցին։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենայակից ՍիվիլՆեթին տեղեկացրել էին որ այս տեսանյութը ինքնին հաղորդում է հանցագործության մասին: