Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն սեպտեմբերի 16-ին ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքը։
Ինչպես նշված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում, փաստաթղթի հիմնական նպատակը Դոնբասում իրադրության կարգավորման և բնակիչների վերադարձի համար պայմանների ստեղծումն է, ինչպես նաև այդ տարածքների կենսունակության և զարգացմամն վերականգնումը։
Օրենքը սահմանում է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման, տեղական իշխանության մարմինների գործունեության կազմակերպման ժամանակավոր կարգը։
Պորոշենկոյի ստորագրած փաստաթղթում ասված է, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական խորհուրդների պատգամավորների արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2014թ․ դեկտեմբերի 7-ին։
Ընդ որում՝ Գերագույն ռադայի կողմից այս տարվա սեպտեմբերին նշանակված արտահերթ ընտրություններում ընտրված տեղական խորհուրդների և պաշտոնատար անձանց լիազորությունները վաղաժամ չեն դադարեցվելու։
Օրենքը նաև նախատեսում է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման պետական աջակցություն և նրանց համար տնտեսական հատուկ ռեժիմի սահմանում։
«Հատուկ կարգը տվյալ տարածքներում օրենքով սահմանվում է ժամանակավորապես՝ երեք տարով՝ ուժի մեջ մտնելու օրվանից»,- հաղորդում է Ուկրաինայի նախագահի կայքը։
Համաձայն ընդունված փաստաթղթի՝ Ուկրաինայի իշխանությունները չեն հետապնդելու և քրեական պատասխանատվության չեն ենթարկելու այդ շրջաններում զինված խմբավորումների մասնակիցներին՝ բացառությամբ նրանց, ում կասկածում են ծանր հանցագործությունների իրականացման մեջ։
Առանձին շրջանների բնակավայրերում հասարակական կարգի պահպանման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ ստեղծվելու են ժողովրդական միլիցիայի ջոկատներ։
Պետրո Պորոշենկոյի առաջարկած՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքների մի մասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը Գերագույն ռադան ընդունել էր սեպտեմբերի 16-ին։