Նահանջի տեղ չկա, ասում է Արամ Մանուկյանը։
Ընդդիմադիր եռյակի (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՍիվիլՆեթի Արփի Մախսուդյանին պատմել է անցնում իշխանափոխության հնարավորությունների մասին: Տեսահարցազրույցից հատված կարդացեք ստորև։
-Պարոն Մանուկյան, Դուք խոսում եք իշխանափոխության մասին, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ելույթի այս մասը՝ «մենք որևէ այլ առաջարկ չունենք, սպասում ենք իրենց առաջարկներին, եթե լինեն ողջամիտ, կքննարկենք», դիտարկվեց պաշտոնի կամ իշխանության սակարկում: Սա որքանո՞վ է բխում իշխանափոխության տրամաբանությունից:
-Մենք էս երկիրը սիրում ենք: Մենք մեզ ավելի պատասախանատու ենք համարում այս երկրի համար, քան Սերժ Սարգսյանը: Ես ինձ պատասխանատու եմ համարում այս երկրի համար: Եվ ես ամեն ինչ կանեմ, և իմ բոլոր գործընկերնե էլ են այդպես մտածում, որ Հայաստանում բախում չլինի, մայդան չլինի, իսկ դա նշանակում է՝ որքան հնարավոր է՝ ճնշումդ ավելացնում ես, հակառակորդիդ ասում ես, որ ունես ճնշման այսքան ռեսուրս և այսքան էլ կավելացնես հոկտեմբերի 24-ին, դու գնա մտածիր, եթե համաձայն ես խելոք իշխանափոխության գնալու, խելոք երկխոսության գնալու, խելոք անցումային տարբերակներ առաջարկելու, ես համաձայն եմ, որովհետև ժողովուրդն այդ դեպքում կշահի: Իսկ հակամարտության դեպքում ես ստիպված եմ ճնշումը մեծացնել, և դա լավ բանի չի բերում, և դա վերջին սցենարն է: Մենք գնում ենք խաղաղ ճանապարհով, քանի որ ունենք մարդկային ռեսուրս, մենք ունենք արդարացի պահանջ, որին աջակցում է ամբողջ ժողովուրդը, և եթե ես ունեմ այդ ռեսուրսը, ինչու պետք է դիմեմ այլ միջոցների:
Իմ պատասխանատվությունը այս երկրում խաղաղ իշխանափոխություն անելու ավելի մեծ է, ավելի կարևոր է, բարձր է, քան Սերժ Սարգսյանի զգացողությունը: Ես հիմա իրեն կբերեմ այդ դաշտ, և ինքը չի կարող խուսափել: Վստահ եմ, որ ինքը ամսի 24-ին կտեսնի՝ ինչ է կատարվում: Կգա ընդառաջ, թե չի գա, Աստված իր հետ: Բայց ամբողջ աշխարհին և ժողովրդին մենք ցույց կտանք, որ օգտագործեցինք խաղաղ իշխանափոխության, խնդիրը խաղաղ լուծելու բոլոր հնարավորությունները:
Մի՛ զարմացեք մեր այս ծանր մոտեցումն է, որ մենք տարիներ շարունակ մնում ենք ընդդիմադիր, և մեզ հարգում է ժողովուրդը, ու մենք չենք ուզում արկածի տանել ուրիշի երեխայի, ուրիշի ընտանիքի, ուրիշի բանտ նստելու հաշվին: Ինչու պետք է այդպես լինի: Իշխանությունը, եթե գնա այդպիսի քայլերի, կստանա համապատասխան արձագանք: Բայց ես հայտարարում եմ, որ դա չէ իմ ուզած ճանապարհը: Մենք տեսնում ենք՝ Ուկրաինայում ինչ է կատարվում։ Մեզ դա ձեռնտու չէ:
-Հարթակից խոսվեց նաև փուլային ու փաթեթային իշխանափոխության մասին։ Փուլային իշխանափոխության տրամաբանության մե՞ջ է մտնում արդյոք Սարգսյանի ընդառաջ գալը։
-Քանի որ երկիրը իսկապես սարսռելու վիճակում է՝ տնտեսական առումով, արտագաղթի առումով, արտաքին քաղաքականության բացարձակ ձախողման առումով, հաստատ իրենք էլ են հասկանում՝ և՛ ՄՎԴ-ն է հասկանում, և՛ ԿԳԲ-ն է հասկանում, բոլորը տեսնում են, բոլորը մասնակիցն են այս վտանգավոր գործընթացի։ Ե՛վ այդ թիմը, և՛ հանրապետական թիմը, և՛ ինքը, կարծում եմ՝ պիտի նստեն սեղանի շուրջ՝ ընկերներով կամ քաղաքական թիմով, հաշվի նստեն իրականության հետ։ Այն որ ջայլամի նման ասում են՝ «ի՞նչ է եղել՝ 60 հազար մարդ պահանջում է, կարող է մի 60 հազար մարդ էլ չի ուզում իշխանափոխություն», բայց չտեսնել, թե մենք ինչի ենք հավաքվել, չզգալ, որ մենք թողել ենք գաղափարախոսությունները, կուսակցական դիրքորոշումները և հավաքվել ենք երբեմն իրար դժվար ընկալող մարդկանցով։ Սա փաստ է, չէ՞։ Եվ նաև մենք մերժել ենք արտաքին բոլոր ազդակները։ Սա էլ կարևոր է։ Այսինքն՝ մենք ունենք մեկ խնդիր՝ Հայաստանը ծանր վիճակի մեջ է, այս վիճակից պետք է դուրս գալ։
Սերժ Սարգսյանը,- ուզում եմ հավատալ նրա ողջամտությանը, խոհեմությանը,- որ իմանալով այս ամենը և զգալով այդ ճնշումը, իսկ այդ ճնշումը գնալով մենք կավելացնենք, ընդառաջ քայլ կանի։ Չի անի՝ նորից եմ ասում՝ Աստված իր հետ, պատասխանատվությունը իր վրա՝ մենք կգնանք առաջ։ Փասռք Աստծո՝ քայլեր ունենք։
-Ընդառաջ քայլ՝ Ազգային ժողովի լուծարում, նոր արտահերթ ընտրություննե՞ր։
–Չգիտեմ, չեմ կարող ասել։ Ես ամենևին որևէ ակնարկ չեմ անում: Իշխանությունը պարտավոր է տեսնել վիճակը, իշխանությունը ինքը պետք է հրավիրի, խնդրի, հորդորի մեզ քննարկումներ անցկացնելու։ Թե ինչ կառաջարկի, ինչ է իր մտքին, չգիտեմ։ Ինչպես ասվեց՝ ողջախոհ կլինի առաջարկը, կքննարկենք, չէ, մենք մեր միջոցը ունենք, մեր ժողովուրդը կանգնած է, և արդեն մեզնից պահանջելու է։ Այսպես է՝ մենք էլ նահանջելու տեղ չունենք։ Մենք քայլ արել ենք, հույս ենք տվել ժողովրդին, հավաքել ենք ժողովրդին և էլի ենք հույս տալու։ 24-ը չի կարող լինել ամսի 10։ 24-ը պետք է լինի ավելին, քան 10-ը։ Եթե հաջորդ մի հատ էլ է քայլ լինելու, պետք է լինի ավելի կոշտ, ավելի շատ, ավելի լեքսիկոնը տարբեր, ավելի պահանջները տարբեր, քան նախորդը։ Այլ կերպ չի կարող՝ մեկը մյուսին կրկնի, հետո մեզ մեղադրեն՝ մեզ հավաքեցիք, տուն ուղարկեցիք։ Չենք անի նման բան։ Այսինքն՝ այս տրամաբանությունը պետք է նաև իշխանությունը հաշվի։ Հիմա նորից եմ ասում՝ երրորդ անգամ՝ հաշվեց, ուրեմն խելոք է, չի հաշվի՝ թող գնա իր ճակատագրի մասին մտածի կամ հետո արդեն ուշ չլինի։
– 24-ին կլինի՞ քաղաքականության որոշակի հատվածի բացում։
– Տրամադրված ենք այսպես, որ եռյակի լիդերները կհանդիպեն մինչև այդ։ Սա ցանկալի սցենարն է։ Նրանք, բնականաբար, ավելի շատ նրբություններ գիտեն։ Եվ տակտիկական առումով որոշ բաներ կորոշեն, ինչը կարծում եմ՝ այս անգամ կլինի միասնական և կմատուցվի ամսի 24-ին։ Դա ավելի շատ, սա երևի իմ ցանկությունն է, կլինի գործողությունների ծրագիր, քայլերի ծրագիր, որովհետև այլևս կարիք չկա պուլսը բռնելու։ Պուլսը բռնած է, ժողովուրդը ուզում է, ժողովուրդը պատրաստ է քեզ աջակցելու, հիմա մնում է այդ աջակցելու քարտեզը տաս, ժամանակային գրաֆիկը տաս, քո քայլերը տաս։ Բնականաբար, եկեք այսպես անենք՝ որ ոգևորություն չլինի, իշխանությունն էլ իր հակաքայլերը կանի։ Չգիտեմ՝ ինչ կանի, ես նրանց զինանոցը կարող եմ տրամաբանել, բայց ինչ էլ անի, արդեն գնացքը գնացել է։ Այս ժողովրդին այլևս չես կարող կանգնեցնել, սա շարժում է։ Ուզես, թե չուզես՝ սա շարժում է։ Հատկապես շարժումներ են նրանք, որոնք մի կուսակցության չեն։ Եթե ՀԱԿ-ը լիներ առանձին, «Բարգավաճը» լիներ առանձին, կասեիր՝ սա քաղաքական պայքար է այս գաղափարախոսության համար՝ ընտրություններից առաջ։
Սա ընտրությունների հետ բացարձակ կապ չունի, և քաղաքական կուրսի ու քաղաքական գաղափարախոսությունների մրցակցություն չէ, բացարձակապես։ Սա շարժում է, որը ընդգրկել է հասարակության լայն շերտեր, քաղաքական-գաղափարական լայն շերտեր, հասարակության տարբեր բողոքող շերտեր, և վերածվել է մի հորձանուտի։ Իսկապես սա շարժում է, այս շարժումը հարկավոր է տանել առաջ։ Հիասթափեցնել ուղղակիորեն չի կարելի, ժողովուրդը մեզ էլ կքշի կտանի և արդարացի կլինի։ Ես կարծում եմ՝ խելոք քայլերով այս հնարավորությունը պետք է օգտագործել։ Բայց լրացուցիչ ոգևորությունը, ավելորդ քայլերը կվնասեն։ Հավատացե՛ք, որ սթափ քայլերով կգնանք, և այն վտանգները, որ մեր առաջ կան, որ կարող ենք մենք հիասթափեցնել, դա շատ լավ գիտակցում ենք, այդպիսի բան թույլ չենք տա։
-Փաստորեն շախմատ եք խաղում։
– Շախմատ ենք խաղում, բայց մեր մարդկային ռեսուրսը և հաղթելու մոտիվացիան շատ է։ Առավելևս, որ մեր հակառակորդի թիմում ներքին խուճապներ են։