Կրկնակի կեղծված Սահմանադրությամբ երկիր

constitutionՀայաստանին նոր Սահմանադրություն է պետք, սակայն պայմանով, որ Սերժ Սարգսյանը չզբաղեցնի վարչապետի պաշտոնը տասը տարի նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո և, ամենից կարևորը, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չպետք է կեղծվի: Սարգսյանն արդեն իսկ հայտարարել է, որ չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը, սակայն «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունները համոզված են, որ սահմանադրական բարեփոխումների անվան տակ գործող իշխանությունը փորձում է լուծել իր վերարտադրության հարցը:

Ինչո՞ւ է Հայաստանին անհրաժեշտ նոր Սահմանադրություն։ Կարելի է ներկայացնել մի քանի իրողություններ և, ըստ այդմ, հասարակությանը համոզել, որ կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական մոդելի, ավելի հարմար է Հայաստանի համար ու նաև արդարացված: Կարելի է նաև ներկայացնել մի քանի պատճառներ և նույն հասարակությանը համոզել, որ Հայաստանում գործող կառավարման այս` կիսանախագահական համակարգից չպետք է հրաժարվել և անցնել վարչապետական իշխանական համակարգի: Կարևորը ոչ թե կառավարման մոդելն է, այլ բովանդակությունը: Այսպես, Գերմանիայում և եվրոպական զարգացած մի շարք երկրներում գործում է վարչապետական մոդելը. հասարակությունը ընտրում է խորհրդարան (համամասնական` կուսակցական ցուցակներով), իսկ ընտրություններում հաղթած կուսակցությունը միայնակ (եթե ստանում է քվեների մեծամասնությունը) կամ այլ կուսակցության կամ կուսակցությունների հետ ձևավորում է կառավարություն: Անշուշտ, այդ երկրներում կա նաև նախագահ, որին սովորաբար նույնպես ընտրում է խորհրդարանը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին գիտի ամբողջ աշխարհը: Իսկ ո՞վ գիտի, թե ով է զբաղեցնում Գերմանիայի նախագահի աթոռը:

Գերմանիայի հարևան Ֆրանսիայում կառավարման մոդելը նախագահականն է: Նախագահական է նաև Միացյալ Նահանգները: Գրեթե բոլորը գիտեն, որ Ֆրանսիայի նախագահը Ֆրանսուա Օլանդն է, իսկ քանի՞ մարդ կարող է հիշել այդ երկրի վարչապետի անունը: Միացյալ Նահանգներում վարչապետի պաշտոն ընդհանրապես գոյություն չունի, քանի որ երկրի նախագահը նաև կառավարության ղեկավարն է: Այսպիսով, երկիրը կարող է ունենալ կառավարման նախագահական կամ վարչապետական մոդել, և երկու դեպքում էլ լինել զարգացած, տնտեսապես ուժեղ և ժողովրդավարական:

Հայատանի առաջին հանրապետությունը (1918-1920) վարչապետական մոդել ուներ: Երբ 1991-ին Հայաստանը անկախացավ, լուրջ բանավեճ էր գնում`նախագահակա՞ն կառավարում, թե՞ խորհրդարանական: ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն (ղեկավար` Վազգեն Մանուկյան) և մի շարք այլ ուժեր կողմնակից էին վարչապետական մոդելին, սակայն ՀՀՇ-ն և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը պետք է դառնար Հայաստանի առաջին նախագահը, հակված էին կառավարման նախագահական մոդելին: Այդպես էլ եղավ. Տեր-Պետրոսյանը 1991-ի հոկտեմբերին ընտրվեց նախագահ, իսկ 1995-ի հուլիսին Հայաստանը հանրաքվեով ունեցավ իր Սահմանադրությունը, որը ենթադրում էր կառավարման նախագահական մոդել:

Այն օրերին ընդդիմությունը հայտարարում էր, որ Տեր-Պետրոսյանը ձգտում է «իր համար Սահմանադրություն կարել», որպեսզի միահեծան իշխի: Ընդդիմությունը, այն ժամանակ` ՀՅԴ-ն ու ԱԺՄ-ն, փաստացի հրաժարվեցին մաս կազմել սահմանադրական հանձնաժողովին (մի մարմին էր, որը քննարկում էր և մշակում Սահմանադրության նախագիծը, քանի որ Հայաստանը չուներ Սահմանադրություն) և բոյկոտեցին Սահմանադրության հանրաքվեն: 1995-ին համատարած կեղծիքներով Հայաստանը ունեցավ Սահմանադրություն, իսկ մեկ տարի անց` ավելի համատարած կեղծիքներով, Տեր-Պետրոսյանը դարձավ նախագահ երկրորդ ժամկետով: Եթե երկրում կեղծվում է Սահմանադրության, այսինքն` մայր օրենքի ընդունման հանրաքվեն, ապա այդ երկրում կկեղծվի հնարավոր ամեն ինչ:

2005-ի նոյեմբերին Հայաստանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որով երկիրը նախագահականից անցում կատարեց կիսանախագահական կամ կիսախորհրդարանական մոդելի: Այն ժամանակ էլ ընդդիմությունը, որը ներկայացված էր «Արդարություն» դաշինքով, բոյկոտեց հանրաքվեն: Ընդդիմադիրները հայտարարում էին, որ Ռոբերտ Քոչարյանը, սահմանադրական փոփոխություններով փորձում է հավերժացնել իր իշխանությունը և երկիրը ղեկավարել արդեն վարչապետի պաշտոնն ունենալով: Պատմությունը ցույց տվեց, որ Քոչարյանը չդարձավ վարչապետ: Բայց կարևորը դա չէր: Հանրաքվեն ընդունվեց աննախադեպ կեղծիքներով: Որպես լրագրող ես 1991-ից հետևել և լուսաբանել եմ բոլոր ընտրություններն ու հանրաքվեները, սակայն չեմ հիշում նման համատարած կեղծարարություն, ինչպես եղավ 2005-ի նոյեմբերին: Եվրոպական պետությունները և կազմակերպությունները, որոնք քաջալերում էին սահմանադրական փոփոխությունները, աչք փակեցին կեղծիքների վրա:

Այսպիսով, առաջին և երկրորդ նախագահները և նրանց սատարող ուժերը կեղծեցին մայր օրենքի` Սահմանադրության ընդունման երկու հանրաքվեները: Արդյո՞ք երրորդ նախագահը և նրա կուսակցությունը ևս նախապատրաստվում են կեղծիքներով ընդունել նոր Սահմանադրություն: Եթե անցկացվելիք հանրաքվեն (թվականը դեռ վերջնական չի հստակեցվել) անցկացվի առանց կեղծիքների և բռնությունների, ապա դա կլինի ողջունելի և գուցե շրջադարձային քայլ Հայաստանի պատմության համար: Չափազանց կարևոր է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ազատ, արդար և թափանցիկ անցկացումը: Հայաստանը պետք է դուրս գա կեղծիքներով նախագահ, խորհրդարան և Սահմանադրություն ընդունելու արատավոր ուղուց: Բայց, ինչպես նշեցինք, կա նաև երկրորդ կարևոր հանգամանքը. Սերժ Սարգսյանը չպետք է դառնա վարչապետ նոր Սահամանդրության ընդունումից հետո:

Այսօրվա ընդդիմության մտահոգությունը հավանաբար տեղին է` Սարգսյանը ձգտում է սահմանադրական բարեփոխումների անվան տակ երկարացնել իր և իր կուսակցության մենատիրությունը: Սարգսյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրություն ընդունելուց հետո չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը, սակայն ընդդիմությունը այդ հավաստիացումներին չի հավատում: Հասարակությունը ևս չի հավատում, քանի որ բազմաթիվ անգամ տեսել է Սարգսյանի խոսքի և գործի հակասությունը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը մեկն է` գործող իշխանությունը և ընդդիմությունը հասարակության մասնակցությամբ պետք է կայացնեն քաղաքական որոշում և հավատարիմ մնան այդ որոշման ոգուն և տառին: Ընդդիմությունը հայտարարում է, որ դադարեցնում է համաժողովրդական ցույցերն ու հանրահավաքները և հնարավորություն տալիս, որպեսզի Սերժ Սարգսյանը ավարտի նախագահության իր երկրորդ ժամկետը: Դրա դիմաց, գործող նախագահը հայտարարում է, որ 2018-ից հետո չի մնա իշխանության ամենավերին օղակներում: Եվ ոչ պակաս կարևորը` եթե անգամ սահմանադրական բարեփոխումների հանրաքվե է անցկացվելու, ապա այն չպետք է կեղծվի: Անշուշտ, չպետք է կեղծվեն նաև 2017-ի խորհրդարանական ընտրությունները:

Բայց արդյոք հնարավո՞ր են նման պայմանավորվածությունները կյանքի կոչել: Հնարավո՞ ր է ընտրություններ և հանրաքվե չկեղծելու մասին պայմանավորվել և դրանք իրականացնելու քաղաքական կամք դրսևորել: Գուցե Հայաստանում հնարավոր չէ: Այդ դեպքում, թող ոչ ոք հույս չունենա, թե Հայաստանը կդառնա արդար, բարեկեցիկ երկիր, որտեղ կապահովվեն քաղաքական ու տնտեսական ազատությունները, որտեղ հայ մարդը իրեն ՄԱՐԴ կզգա:

Մեկնաբանել