Սկզբունքայնության ֆոբիա հայկական քաղաքական դաշտում

Քաղաքական հասարակությունը պետք է պատրաստ լինի լսել ընդդիմախոսություն: Քաղաքական հասարակությունը պետք է պատրաստ լինի լսել ընդդիմախոսություն:

Ժողովրդավարության հարցերի հայտնի հետազոտողներ Խուան Լինցը և Ալֆրեդ Ստեփանն իրենց «Ժողովրդավարության անցնելու և ժողովրդավարության կայացման խնդիրները» աշխատությունում նկարագրում են մի վիճակ, երբ հակադրություններ են առաջանում քաղաքացիական և քաղաքական հասարակությունների միջև: Մասնավորապես, քաղաքացիական հասարակության մեջ եղած ժողովրդավարական խմբերը կարող են ժամանակ առ ժամանակ վտանգ ներկայացնել քաղաքական հասարակության համար: Դա լինում է այն դեպքերում, երբ քաղաքացիական հասարակության համար լիովին նպաստավոր նորմատիվային նախապատվություններն ու կազմակերպական եղանակաները կարող են համարվել որպես ցանկալի կամ անգամ միակ օրինական ոճ քաղաքական հասարակության համար: Հեղինակները նշում են, որ, օրինակ, քաղաքացիական հասարակության շատ առաջնորդներ բարոյական հակակրանքով են մոտենում ժողովրդավարական ուժերի ներսում «ներքին բախմանն» ու «պառակտմանը», միջնորդությունների և քաղաքականության մեջ փոխհամաձայնության մասին հաճախ խոսում են արհամարհական արտահայտություններով:

Հայաստանում այս խմբին կարելի է ավելացնել նաև քաղաքացիական հասարակությունից քաղաքականություն եկած գործիչներին: Նրանց վարվելակերպը հաճախ զարմանք է հարուցում շատերի մոտ, իսկ կոնկրետ քաղաքական գործընթաց սկսած ուժերի լրատվամիջոցները փորձում են վերջիններիս մեղադրել իշխանություններին ծախվելու կամ իշխանությունների հետ գործարքի մեջ լինելու համար: Ժողովրդավարության անցման գործընթացների մասին ուսումնասիրությունները հուշում են, որ նման երևույթների կարելի է հանդիպել ոչ միայն Հայաստանում:

Այժմ, երբ բավականին մեծացել է առցանց լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի դերը, երբ յուրաքանչյուր քաղաքացի հարթակ ունի արտահայտվելու համար, վերոնշյալ երևույթն ավելի է ընդգծվել:

Սրա հիմնական պատճառը թերևս այսպես կոչված «սկզբունքայնության ֆոբիան» է՝ քաղաքացիական առաջնորդների և քաղաքացիականից քաղաքական դաշտ մտած գործիչների վարվելակերպ, երբ վերջիններս փորձում են ժխտել բոլորին և քաղաքական տարբեր համաձայնություններ՝ իրենց պատկերացրած հասարակությունը ստեղծելու համար առաջարկելով քիչ մրցակցային, գրեթե իռացիոնալ ուղիներ: Այս գործիչներն ամենաշատը վախենում են ոչ սկզբունքայնության մեջ մեղադրվելուց և կտրականապես մերժում են նախկին հակառակորդների կամ նախկինում իշխանության մաս կազմած ուժերի հետ համագործակցությունը:

Հայաստանում այս երևույթը բերել է իսկական թշնամանքի քաղաքացիականների/ քաղաքացիականից քաղաքականություն եկած գործիչների և քաղաքական հասարակության միջև: Վերջիններիս սպասարկող մամուլն անխնա նույնացնում է քաղաքացիականներին իշխանությունների կամակատարների և Բ-26-ի հաճախորդների հետ՝ վառելով հնարավոր բոլոր կամուրջները հնարավոր համագործակցության համար:

Կարծում եմ, որ ընդդիմությանը քննադատող քաղաքացիական առաջնորդներին և քաղաքական գործիչներին որպես իշխանության գործակալ ներկայացնելը բավականին պարզ և մեծամասամբ սխալ բացատրություն է: Քաղաքական հասարակությունը պետք է պատրաստ լինի լսել ընդդիմախոսություն և հանդիմանանք, կարողանա հստակ բացատրել իր գաղափարները հանրության տարբեր հատվածներին և հատկապես քաղաքացիական առաջնորդներին կամ գաղափարախոսներին, քանզի վերջիններիս դերը որոշակի շրջանակներում բավական մեծ է: Իսկ քաղաքացիական որոշ առաջնորդների կամ քաղաքացիականից քաղաքականություն եկած գործիչների «սկզբունքայնության ֆոբիայի» երևույթից խուսափել չի լինի, միակ տարբերակը այդ ֆոբիան համատեղ հաղթահարելն է:

Մեկնաբանել