Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին. Ռոհանի

11621_am_1Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը. հոկտեմբերի 20-ին Թեհրանում այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընդունելությանը:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` Ռոհանին նշել է, որ Հովիկ Աբրահամյանի այցը կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում:

«Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում իրականացվում են, ինչը վկայում է երկու երկրների միջև առկա բարեկամական և գործնական կապերն ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների և օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարություն:

Հայաստանի վարչապետն ասել է, որ Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների համար:

Իրանի նախագահը, իր հերթին, բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:

Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանային խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը հետամուտ է միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:Հովիկ Աբրահամյանը Հասան Ռոհանիին է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Մեկնաբանել