Օրենքի առջև պետք է հավասար լինեն բոլորը. Սերժ Սարգսյան

«Մենք շատ ուրախ կլինենք և թեթևացած հոգով կարձանագրենք, որ անցել ենք մեր իսկ կողմից նախանշված այս ճանապարհը միայն այն ժամանակ, երբ տեսնենք, որ մեր հասարակության մեջ արդեն տիրապետող է համոզմունքը, որ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից՝ օրենքի առջև հավասար են և պատասխանատու բոլորը». այսպիսի հայտարարություն է արել նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին` Հատուկ քննչական ծառայության նոր մասնաշենքի բացմանը:

«Մենք այլընտրանք չունենք: Մենք ընտրել ենք առավել արդյունավետ պետական կառավարման և պետություն-հասարակություն ներդաշնակ վերընթացի ապահովման դժվարին, բայց միակ ճանապարհը: Եվ այս ճանապարհը, անշուշտ, ունի շատ նրբություններ: Բայց միևնույն ժամանակ, այս ճանապարհն ունի նաև հիմնարար կանոններ, որոնք մենք պարտավոր ենք ապահովել: Առաջին հերթին մենք մշտապես, ամեն օր մեր քայլերով ուղերձ ունենք հղելու այն մասին, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու՝ բարձրաստիճան պաշտոնյայի, թե դեռ որևէ հարմար աշխատանք չգտած և այդպիսին փնտրող քաղաքացու իրավունքները պաշտպանված են հավասարապես լիարժեք, բայց օրենքի առջև պատասխանատու են նույնպես հավասարապես և լիարժեք»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով` ծառայության գործունեության վերաբերյալ օրենքով նախատեսված տարեկան գրավոր հաղորդումների ուսումնասիրությունները ցույց են տալիս «ծառայության հետևողական առաջընթացն ու զարգացումը»:

«Միգուցե քիչ հաստատություններում եմ ես այսպիսի գնահատականներ տալիս, բայց ես սա ասում եմ անկեղծ: Եվ սա ակնառու դրսևորվում է աշխատանքային դրական ցուցանիշներ ունենալու, հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն ծավալելու, օրենսդրության կատարելագործման ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերելու մեջ, ինչպես նաև ձեր ամենօրյա գործունեությանն առնչվող այլ հարցերում: Առանձնակի կարևորվում է ձեր դերակատարումը խոշտանգումների դեմ պայքարում: Չնայած վերջին տարիներին մեզ համար բացարձակապես անընդունելի այս երևույթի կանխման ուղղությամբ արձանագրված դրական արդյունքներին, ձեր մասնագիտական կառույցի խնդիրն է շարունակել համաչափ արձագանքել նման դեպքերին և ապահովել դրանց արդարացի ու արդյունավետ քննությունը»,- ասել է Սարգսյանը:

Մեկնաբանել