40 գոլ` 8 խաղում. Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի երրոդ տուրի առաջին խաղային օրը չափազանց գոլառատ ստացվեց. 8 խաղում 40 գոլ գրանցվեց: Ամենաարդյունավետ հանդիպումը կայացավ Հռոմում, որտեղ Մյունխենի «Բավարիան» ոչ ֆուտբոլային 7:1 հաշվով ջախջախեց «Ռոմային» և վաստակած 9 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել E խումբը: Այս խմբի մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» Մոսկվայում չկարողացավ հաղթել ԲԿՄԱ-ին, թեև մինչև 65-րդ րոպեն 2 գնդակի առավելություն ուներ, խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Այժմ «Ռոման» 4 միավորով երկրորդն է, «Մանչեսթեր Սիթին» 2 միավոր ունի, ԲԿՄԱ-ն` 1:

F խմբում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց ԱՊՕԷԼ-ին, իսկ «Բարսելոնան» «Նոու Կամպում» 3:1 հաշվով առավելության հասավ «Այաքսի» նկատմամբ: Այս խմբում 3-րդ տուրից հետո առաջատարը ՊՍԺ-ն է` 7 միավոր: Կատալոնացիները 6 միավորով երկրորդն են, «Այաքսը» 2 միավոր ունի, ԱՊՕԷԼ-ը` 1:

G խմբում «Չելսին» Լոնդոնում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Մարիբորի» դարպասը, իսկ «Շալկեն» Գերմանիայում 4:3 հաշվով հաղթեց «Սպորտինգին»: Այժմ Ժոզե Մոուրինյոյի սաներն իրենց ակտիվում ունեն 7 միավոր, «Շալկեն»` 6, «Մարիբորը»` 2, «Սպորտինգը»` 1:

Եվս մեկ ոչ ֆուտբոլային հաշիվ գրանցվեց H խմբում, որտեղ «Շախտյորը» հյուրընկալվելիս 7:0 հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ին: Այս խմբի մյու խաղում «Պորտուն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց Բիլբաոյի «Ատլետիկին» և վաստակած 7 միավորով ընթանում է առաջին տեղում, «Շախտյորը» 5 միավորով երկրորդն է, ԲԱՏԷ-ն 3 միավոր ունի, «Ատլետիկը»` 1:

Մեկնաբանել