ԵՄ-ի հետ բանակցում է «Նո՞ր Թուրքիան», թե՞ «Նոր հին Թուրքիան»

EU-Turkey BozkirՍեպտեմբերի 18-ին Թուրքիայի ԵՄի հետ կապերի հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հրապարակել է Թուրքիայի նոր ԵՄ ռազմավարությունը, որի նպատակ է հռչակվել անդամակցության ճանապարհին խոչընդոտների վերացումը: Ավելի ուշ Բոզքըրը Բրյուսելում տվել է Թուրքիայի՝ Եվրամիության նոր հաղորդակցության ռազմավարության մեկնարկը: Ռազմավարության նպատակն է փոխել ԵՄ-ի անդամ-պետություններում Թուրքիայի վերաբերյալ առկա պատկերացումներն ու հանրային կարծիքը: Այս առթիվ սյունակագիր Ամանդա Փոլը Today’s Zaman պարբերականում լույս տեսած իր հոդվածում գրել է, որ «մեղմ ասած՝ հեշտ չէ մարդկանց համոզել, որ Թուրքիայի մասին այլ ընկալում ունենան», քանի որ Թուրքիայի գործնական քայլերն այլ բանի մասին են վկայում: Սյունակագիր Ալի Յուրթթագյուլն էլ վստահ է՝ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայում կառավարում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, հնարավոր չի լինի հաստատել իրական ժողովրդավարություն:

«Այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ստանձնեց նախագահությունն ու Թուրքիայի քաղաքական վերնախավում վերադասավորումներ եղան, Անկարան սկսեց խոսել «Նոր Թուրքիայի» մասին: Այսքան ժամանակ ես դեռ չեմ տեսել այդ «նորը»: Կարծում եմ՝ ավելի լավ նկարագրություն է՝ «Նոր հին Թուրքիան», քանի որ այն բազմաթիվ առումներով ավելի շուտ հիշեցնում է 1990-ականների Թուրքիան:

Այդուհանդերձ, որոշ փոփոխություններ եղել են, որոնցից ամենաէականը ԵՄ-ի հանդեպ նորացված հետաքրքրությունն է: ԵՄ-ի հետ կապերի հարցերով նորանշանակ նախարար Վոլքան Բոզքըրը բավական ակտիվ է իր նշանակումից ի վեր: Թվում է՝ Անկարան ցանկանում է շրջել Եվրոպայից եկող քննադատությունը, որը քիչ-թե շատ սկսվել է 2013թ. մայիս-հունիսին Գեզիի հակակառավարական ցույցերից: Նրա առաքելությունն է՝ շուռ տալ պատկերը և համոզել ԵՄ պաշտոնյաներին և անդամ-պետություններին, որ Թուրքիան ԵՄ-ի հետ հարաբերություններում լուրջ մտադրություններ ունի և բարեփոխումներ է իրականացնում՝ գերակա դարձնելով այն երկրները, որոնք ամենահոռետեսն են Թուրքիայի անդամակցության հարցում:

Մինչև այժմ Բոզքըրը կենտրոնացել է նրա վրա, որ իրազեկում է մարդկանց հաղորդակցության նոր ռազմավարության մասին, որն անվանում է «Նոր Թուրքիա, ուժեղ ԵՄ»: Սակայն մարդկանց համոզել, որ Թուրքիայի մասին այլ ընկալում ունենան, մեղմ ասած՝ հեշտ չէ: Այդ միտումը շրջելու համար անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել: Իսկ դրա համար անհրաժեշտ է ընդունել, որ հնարավոր է՝ որոշ սխալներ են եղել անցյալում: Հենց այստեղ ենք առերեսվում խնդիրների»,- գրել է Ամանդա Փոլը:

Մեկ այլ սյունակագիր՝ Ալի Յուրթթագյուլը, կարծում է՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պաշտոնյաները, որոնք ժողովրդավարությունը դիտարկում են որպես «գործիք» կամ մի բան, որը բաղկացած է բացառապես ընտրություններից, ԵՄ-ի նորմերը սկսեցին խոչընդոտ համարել:

«Նրանց համար խնդիր չէ, որ կրոնի ազատության մակարդակը Թուրքիայում չափազանց ցածր է ԵՄ-ի սահմանած չափորոշիչներից:

Ավելին՝ նրանք 1980թ. սեպտեմբերի 12-ի սահմանադրությունը դիտարկում են որպես խոչընդոտ իրենց հակաժողովրդավարական գործունեության ճանապարհին: Չափազանց մեծ լիազորություններն ու իշխանությունը, ինչպես նաև ոստիկանությանն ընձեռված անձեռնմխելիությունը, ոչ հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ սրանք են ԱԶԿ-ի օրակարգում:

Հունվարից ի վեր ԵՄ-ի ընդհանուր օրենսդրությանը` acquis-ին համահունչ և ոչ մի օրենք չի ընդունվել: ԵՄ կառույցներն անգամ չեն տեղեկացվել ընդունված օրենքների մասին: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ ԵՄ-ն չի այրում կամուրջները Թուրքիայի հետ՝ չնայած վերջինիս բազմաթիվ փորձերին խախտել ԵՄ նորմերն ու առհասարակ Թուրքիայի Հանրապետության սահմանադրությունը: ԵՄ-ն պարզապես չի ցանկանում լինել այն կողմը, որը կխզի կապերն ու ստիպված կլինի վճարել դրա դիմաց: ԱԶԿ-ի իշխանության ներքո Թուրքիան կրկին արևելյան երկիր է, որի «ռազմավարական կարևորությունը» վճռորոշ է: Թուրքիան կարող է վերադառնալ ժողովրդավարությանն ու ԵՄ գործընթացին միայն հաղթահարելով ԱԶԿ-ին՝ ճիշտ այնպես, ինչպես արեց փետրվարի 28-ին [նկատի ունի 1997թ. փետրվարի 28-ին Թուրքիայում տեղի ունեցած պոստ-մոդեռնիստական զինվորական հեղաշրջումը – ՍիվիլՆեթ]»,- նշել է Յուրթթագյուլը: