Ադրբեջանի գործելաոճն է՝ «ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ ետ». Նալբանդյան

NalbandianԱզգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողների խնդրանքով արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը։ Փարիզում կայանալիք հանդիպումը երրորդ գագաթաժողովն է, որ նախաձեռնվել է համանախագահ երկրների կողմից վերջին երեք ամսվա ընթացքում։ Դա ցույց է տալիս եռանախագահ երկրների հաստատակամությունը շարունակելու միասնական ակտիվ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործըթնացում առաջընթաց ապահովելու նպատակով։

Իսկ թե ինչու բանակցային գործընթացում առաջընթաց չկա, կարծում եմ պարզ է բոլորի համար: Պատճառը ոչ Ղարաբաղն է, ոչ Հայաստանը և ոչ էլ եռանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։ Եթե ոչ վաղ անցյալում Ադրբեջանի գործելաոճը բանակցային գործընթացում կարելի էր բնորոշել որպես «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ», ապա այժմ այն կարծես թե արտահայտվում է «ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ ետ» սկզբունքով:

Թե ինչքանով հնարավոր կլինի կառուցողական դաշտ բերել ադրբեջանական կողմին՝ ցույց կտա ժամանակը։

Հայաստանը մշտապես դրական է արտահայտվել եռանախագհ երկրների կողմից հանդիպումների, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով հանդիպումների, կազմակերպման վերաբերյալ և, ինչպես միշտ, մենք կառուցողական տրամադրվածությամբ ենք գնում Փարիզի հանդիպմանը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: