Չեմպիոնների լիգա. Բորուսիան ու Ռեալը հաղթում են խոշոր հաշվով, այլ արդյունքներ

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի երկրորդ խաղային օրվա ընթացքում մեկ անակնկալ գրանցվեց` Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտություն կրեց հունական «Օլիմպիակոսից» և վաստակած 3 միավորով ընթանում է A խմբի 3-րդ տեղում: Նշենք, որ ամբողջ հանդիպման ընթացքում թուրինցիները բացահայտ առավելություն ունեին, և տանտերերը հաղթեցին իրենց դարպասապահ Ռոբերտոյի հրաշալի խաղի շնորհիվ: Այս խմբի մյուս խաղում «Ատլետիկոն» Մադրիդում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Մյալմոյի» դարպասը: «Ատլետիկոն» 6 միավորով ընթանում է առաջին տեղում, նույնքան միավոր ունի նաև «Օլիմպիակոսը», «Մյալմոն» 3 միավորով վերջին տեղում է:

Տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ մի հնարավորություն չտվեց «Լիվերպուլին»` 3 անպատասխան գնդակ ուղարկելով անգլիացիների դարպասը: B խմբի մյուս խաղում «Լյդոգորեցը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Բազելին»: Երրորդ տուրից հետո «Ռեալը» բացարձակ արդյունքով (9 միավոր) առաջին տեղում է, մյուս թիմերն ունեն 3-ական միավոր:

C խմբում «Բայերը» Լևերկուզենում 2:0 հաշվով հաղթեց «Զենիթին» վաստակած 6 ստանձնեց միանձնյա առաջատարի դիրքը: «Մոնակո» – «Բենֆիկա» խաղում գոլեր չգրանցվեցին: «Մոնակոն» 5 միավորով երկրորդն է, «Զենիթը» 4 միավոր ունի, «Բենֆիկան»` 1:

D խմբում «Բորուսիան» Թուրքիայում 4:0 հաշվով ջախջախեց «Գալաթասարային»: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման և ակտիվ մասնակցություն ունեցավ դորտմունդցիների խփած առաջին 2 գոլերում: Այս խմբի մյուս խաղում «Արսենալը» մինչև 89-րդ րոպեն զիջում էր «Անդերլեխտին», սակայն վերջին րոպեներին 2 գոլ խփց և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ: «Բորուսիան» 9 միավորով առաջին տեղում է, «Արսենալը» 6 միավոր ունի, «Անդերլեխտն» ու «Գալաթասարայը»` մեկական:

Մեկնաբանել