Ենիգոմշյանը ոստիկանությունից ապացույցներ է պահանջում

YenigomshyanՀոկտեմբերի 23-ին «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նախախորհրդարանի քարտուղարության անդամ, ԱՍԱԼԱՅԻ նախկին մարտիկ Ալեք Ենիգոմշյանը և Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վարդան Հակոբյանը ներկայացրել են մի շարք պարզաբանումներ՝ ի պատասխան հոկտեմբերի 22-ին ոստիկանության տարածած տեսանյութի, որտեղ նշվում է, թե ոստիկանության աշխատակիցների կողմից Ալեք Ենիգոմշյանի հանդեպ անմարդկային վերաբերմունք չի ցուցաբերվել:

Ինչպես հաղորդում են «Նախախորհրդարան»-ի մամուլի ծառայությունից, Ալեք Ենիգոմշյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ոստիկանությունը չի ապացուցում, որ ինձ ուղեկցողը և տաքսի կանչողը ոստիկան է եղել: Ոստիկանության տարածած տեսանյութի մեջ այն կադրը, որտեղ ես երևում եմ փողոցում կանգնած, այդ կադրը շատ ավելի որակով է, քան մյուս կադրերը: Սա փաստում է, որ ոստիկանների կողմից ամբողջ այս գործողությունը տեսանկարահանվել է: Որպեսզի համոզվեմ, որ ինձ ուղեկցողը ոստիկան է եղել, պահաջնում եմ, որ ոստիկանությունը հրապարակի ամբողջական տեսագրությունը և մասնավորաբար այդ կադրերը: Ինչպես նաև այդ անձինք թող գան և ապացուցեն, որ ոստիկան են, և միայն այդ դեպքում ես կհամոզվեմ, որ ինձ ուղեկցողը և տաքսի կանչողները եղել են ոստիկաններ»:

«Նախախորհրդարանի» ավելի վաղ տարածած հայտարարության համաձայն` ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 19-ին` ժամը 19:45-ի սահմաններում, «կոպտորեն քաշքշելով մեքենայից դուրս են հանել» Ալեք Ենիգոմշյանին, իսկ նույն մեքենայում գտնվող հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին:

«Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից»,- ասված էր «Նախախորհրդարանի» հայտարարությունում:

Այս հայտարարությանն ի պատասխան՝ ոստիկանության ներկայացրել էր տեսանյութ, որի համաձայն` իրավապահ մարմինները փնտրել են Ենիգոմշյանի հարևան Վահրամ Գաբրիելյանին պատկանող ավտոմեքենան և վերջինիս վարորդին` Արարատի մարզում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ըստ ոստիկանության` մեքենայի վարորդը հարվածել էր ոստիկանության սերժանտին, վերջինս էլ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։ Ավելի ուշ ավտոմեքենան հայտնաբերվել էր Երևանի Սայաթ-Նովա փողոցում. ոստիկանները կանգնեցրել էին այն` դուրս հրավիրելով ուղևորին, իսկ մեքենան և վարորդին բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք:

Տեսանյութում օպերատիվ խմբի ղեկավար Պավել Օրդյանը պատմում է, որ ինքը Ենիգոմշյանին դուրս է բերել փողոցի բանուկ հատվածից, իր օգնությունն առաջարկել ու փորձել նրան տաքսիով ճանապարհել, սակայն վերջինս հրաժարվել է:

Գաբրիելյանը և Ենիգոմշյանը այնուհետ հրավիրվել էին ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` բացատրություն տալու համար, սակայն, ըստ ոստիկանության, հրաժարվել են ներկայանալ:

Մեկնաբանել