Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն ռադայի՝ փետրվարին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո առաջին ընտրությունները:
Արտահերթ ընտրություններ հայտարարելու անհրաժեշտությունը նախագահ Պետրո Պորոշենկոն բացատրել է Ուկրաինայում իշխանափոխությունից հետո պատգամավորական կորպուսի առկա կազմի հետ մարդկանց քաղաքական նախապատվությունների անհամապատասխանությամբ:
Գերագույն ռադան կազմված է 450 ժողովրդական պատգամավորներից, որոնցից կեսն ընտրվում է կուսակցական համակարգով, իսկ մյուս կեսը՝ մեծամասնական:
Ընտրատեղամասեր չեն բացվել Ռուսաստանին միացված Ղրիմում և Սևաստոպոլում, ինչպես նաև Դոնեցկի 9 և Լուգանսկի 6 վարչական շրջաններում, որոնք գտնվում են ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» կողմնակիցների վերահսկողության տակ: Այս է պատճառը, որ ուկրաինացիները կընտրեն ոչ թե 450, այլ 423 պատգամավորների:
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 3,5 հազ. մեծամասնական կարգով ընտրություններին մասնակցող թեկանածուների և 29 քաղաքական կուսակցություններ:
Հիմնական քաղաքական ուժերն են «Պետրո Պորոշենկոյի դաշինքը», վարչապետ արսենի Յացենյուկի և Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի «Ժողովրդական ճակատը», Օլեգ Լյաշկոյի գլխավորությամբ «Արմատական կուսակցությունը» և նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»:
Ընտրություններին մասնակցում են նաև Ուկաինայի կոմունիստական կուսակցությունը և ազգայնակական «Սվոբոդան»: 2012թ. խորհրդարանական ընտրությունները հաղթած «Ռեգիոնների կուսակցությունը» հրաժարվել է մասնակցությունից: