Մոսկվան Ռադայի ընտրությունները կայացած է համարում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Գերագույն ռադայի ընտրությունները համարում է կայացած՝ չնայած բազմաթիվ խախտումներին։ Այս մասին նա ասել է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում։

«Ուկրաինական ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ուկրաինացի ժողովուրդը քվեարկել է,- ասել է Լավրովը։ – Մենք մի կողմ ենք դնում բազմաթիվ խախտումները, որոնք թույլ են տրվել ընտրությունների նախապատրաստական փուլում, այն հարկադիր մեթոդները, որ կիրառվել են մի շարք թեկնածուների նկատմամբ, և քաղաքական մյուս ուժերին քաղաքական գործընթացից, ընտրություններին մասնակցությունից հեռացնելուն ուղղված քայլերը»։ «Սակայն, այդուհանդերձ, քվեարկությունը կայացել է»,- հավելել է նա։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդներն իրենց հերթին հայտարարել են, որ Ռադայի ընտրություններն անցել են՝ ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան։

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Քենթ Հարստետդը հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսին նշել է, որ «քվեարկության և քվեաթերթիկների հաշվման գործընթացը կազմակերպվել է, ինչպես հարկն է»։

Ուկրաինայում խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 26-ին։

Նախնական արդյունքներով՝ ոչ մեծ առավելությամբ առաջատար է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի և Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն է։ Քվեաթերթիկների 50,8%-ի հաշվման արդյունքներով՝ այս կուսակցությունը ստանում է ընտրողների ձայների 21,61%-ը։ Երկրորդ տեղում է երկրի նախագագհ «Պոտրո Պորոշենկոյի դաշինքը»՝ 21,45% ձայնով, երրորդ տեղում է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի «Սամոպոմիչ»-ը՝ 11,1% ձայնով։ Նրան հաջորդում են «Ընդդիմադիր դաշինքը»՝ 9,82%-ով, Օլեգ Լյաշկոյի «Արմատական կուսակցությունը»՝ 7,38%-ով, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 5,69%-ով։ Մնացած կուսակցությունները չեն հաղթահարում 5-տոկոսանոց շեմը։

Սեպտեմբերի 26-ին՝ էքզիթ փոլերի տվյալների հրապարակումից հետո, երբ հայտնի էր դարձել, որ առաջատարը «Պետրո Պորոշենկոյի դաշինք»-ն է, Ուկրաինայի նախագահ ը հայտարարել էր, որ խորհրդարանական մեծամասնության հիմքը կկազմի իր գլխավորած դաշինքը։

Նա նշել էր, որ «Ժողովրդական ճակատը» դիտարկում է՝ որպես իր դաշինքի գործընկեր։ Ուկրաինայի նախագահը հավելել էր, որ կոլաիցիայի կազմման առաջարկը բաց կլինի քաղաքական շատ ուժերի համար, բացի՝ «Ընդդիմադիր դաշինքից»։

Պորոշենոկն ասել էր, որ կաջակցի վարչապետի՝ կոալիցիայի առաջադրած թեկնածուին՝ նշելով, որ դա խորհրդարանի և կոալիցիայի իրավասությունն է։

Արսենի Յացենյուկն իր հերթին ասել էր, որ «Ժողովրդական ճակատը» պատրաստ է կոալիցիա կազմել նախագահի գլխավորած քաղաքական ուժի հետ։

Մեկնաբանել