Հոկտեմբերի 27-ի երեկոյան Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով։
«Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները»,- նշված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Հանդիպմանը մասնակցել են ղարաբաղյան կարգավորման միջնորդ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդիոյը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպմանը նախորդել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։
Հոկտեմբերի 27-ի երեկոյան Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների տրվել է ընթրիք:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ, տեղի էր ունեցել 2014թ. սեպտեմբերի 4-ին՝ Ուելսի Նյուպորտ քաղաքում: