Նավթի գները կրկին կարող են բարձրանալ. Petrostrategies

Վերջին չորս ամիսներին նավթի միջազգային գները կտրուկ՝ ավելի քան 25% անկում են արձանագրել։ Նավթագազային ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերության վերլուծաբանները կարծում են, որ նավթի նման գնանկման պատճառները միայն տնտեսական հիմնավորումներով չէ, որ բացատրվում է։ Petrostrategiesի շաբաթագրում տպագրված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Նավթի գների նման կտրուկ անկումը միայն տնտեսական գործոններով չէ, որ պայմանավորված է։ Մեկ տակառ Brent տեսակի հում նավթի գինն իջել է 30 դոլարով` համեմատ 2014թ. հունիսի կեսի վերջին բարձր ցուցանիշի։ Հոկտեմբերի 14-ին նավթի գինը իջավ 4 դոլարով՝ մինչև 85 դոլար, և դա տեղի ունեցավ շուկայում որևէ կարևոր իրադարձության կամ որևէ առանցքային խաղորդի հայտարարության բացակայության պայմաններում։ Վերջին չորս ամիսների հիմնարար զարգացումները չեն կարող բացատրել գների այս անկումը։ Փաստացի՝ թեև նավթի համաշխարհային մատակարարումներն ավելացել են օրական 400,000 տակառով (մինչև 93,2 մլն տակառ/օր), պահանջարկը նույնպես մեծացել է՝ 1,5 մլն տակառ/օր-ով (մինչև 93 մլն տակառ/օր)։ Նավթի ընդհանուր հավելուրդը, որը 2014թ. երկրորդ եռամսյակում կազմել է 1,2 մլն տակառ/օր, երրորդ եռամսյակում նվազել է այս ցուցանիշի (200,000 տակառ/օր) մինչև 1/6-ը։ Բորսայական գները 2014թ. արդեն թեթևակի բարձրացել էին, բայց դա տեղի էր ունեցել երկու տարվա (2011թ. և 2013թ.) անկման և մեկ` գրեթե չեզոք տարվա (ընդամենը՝ +200,000 տակառ/օր 2012թ.) պատկերին։ Բացարձակ արժեքով` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության առևտրային պաշարները շարունակում են մոտ մնալ վերջին հինգ տարիների իրենց նվազագույն միջինին։ Դոլարը թանկացել է այլ արժույթների նկատմամբ (+7,5% եվրոյի նկատմամբ` սկսած հունիսից)։ Սակայն ո՛չ դոլարի փոխարժեքի բարձրացումը, ո՛չ էլ նավթի շուկայի հիմնարար զարգացումները չեն կարող բացատրել գների 26% անկումը։

Այս անկումը բացատրվում է վերջերս ամենից հաճախ մեջբերվող երկու գործոններով` շուկայի ընկալումը փոխվել է, և Սաուդյան Արաբիան հայտարարել է հում նավթի գների երկու հաջորդական անկման մասին։ Ճիշտ է` դիտարկվել էին մատակարարումների կանխատեսումների մի քանի հաջորդական վերանայումներ` դեպի բարձրացում և տնտեսական աճի վերանայումներ` դեպի նվազում։ Ուստի եզրակացվել էր, որ եթե ՕՊԵԿ-ի երկրները (կամ մյուս մատակարարները) չնվազեցնեն մատակարարումը 2015թ., կարող է առաջանալ մոտ 1 մլն տակառ/օր հավելուրդ։ Այս ընկալումը Brent-ի գնի` մոտ 15 դոլարով անկման (որն արձանագրվեց 2014թ. հունիսի կես-օգոստոսի վերջին) հիմնական գործոնն էր։ Սա այն ժամանակ էր, երբ երևան եկավ երկրորդ գործոնը՝ Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ իջեցնելու է գները հոկտեմբերին, և ևս մեկ անգամ` նոյեմբերին։ Արդյունքում բորսայում առաջացավ խուճապ, որը սրվեց, երբ Քուվեյթը կանխատեսեց, որ ՕՊԵԿ-ը չի կրճատի նավթի արտադրությունը նոյեմբերի 27-ին ծրագրված հանդիպմանը։

Նավթի ֆյուչերսների շուկայում ներկայում հոռետեսական տրամադրություններ են։ «Ոչ առևտրային» խաղորդների (եզր, որն օգտագործվում է «բորսայական գործարարների» վերաբերյալ) կարճ (այսինքն` նվազման միտում ունեցող) դիրքերը գերազանցել են նրանց երկար (բարձրացման միտում ունեցող) դիրքերին։ Թեթևակի նվազման միտման մասին լուրը կամ ակնարկը զուգակցվում է գների անկմամբ, մինչդեռ բարձրացման միտման մասին նորությունները որևէ ազդեցություն չունեն, դրանք ամբողջովին անտեսվում են։ Սա դասական իրավիճակ է, որին ականատես ենք եղել անցյալում. շուկայում գների ցանկացած անկում ինքնաբերաբար հանգեցնում է արդյունահանման կրճատմանը։

Մատակարարման անկման ռիսկերը, այնուամենայնիվ, փոքր չեն։ Լիբիայում արտահանման ներկա մակարդակը (մոտ 800-900,000 տակառ/օր) հազիվ է պահպանվում։ Իրականում Լիբիայում սպառնալիքները շատ են՝ հաշվի առնելով այն, որ երկրի տարբեր շրջաններում գտնվող արտահանման ենթակառուցվածքները վերահսկվում են տարբեր զինված խմբավորումների կողմից, որոնք հաճախ հակամարտության մեջ են։ Ուստի՝ արտահանման հերթական դադարեցում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Իրավիճակը զգայուն է նաև Իրաքում, Եմենում, Նիգերիայում և այլուր։ Petrostrategies-ի աղբյուրների համաձայն՝ Սաուդյան Արաբիայի կողմից նավթի գների երկու հաջորդական իջեցումների նպատակը վերամշակողների եկամուտի մարժան, հատկապես՝ Ասիայում, բարելավելն է։ Սաուդիցները հերքում էին լուրերը, որ Aramco-ն իր գնորդներից պահանջել է պարտավորվել չեղյալ համարել 2015թ. համար կնքվելիք գործարքներով նախատեսված ծավալների 100% արդյունահանումը՝ այդպիսով հրաժարվելով ±10% ճկունությունից:

Չի բացառվում, որ հում նավթի գների ներկա անկման միտումը կանգ առնի, և տեղի ունենա սրընթաց վերելք, մասնավորապես` պահանջարկի աճով, որն ակնկալվում է 2014թ. չորրորդ եռամսյակում: Ամենախոշոր խաղորդը, իհարկե, կլինի Սաուդյան Արաբիան: Հոկտեմբերի վերջին սաուդական Aramco-ն պետք է հայտարարի դեկտեմբերի համար իր գնային չափորոշիչները: Եթե դրանք պահպանվեն կամ բարձրացվեն, կնշանակի, որ սաուդցիները ցանկանում են կանգնեցնել գների անկումը, անգամ նպաստել գների աճին: Եթե ոչ, կարելի է միայն ենթադրություններ անել նրա երկարաժամկետ մտադրությունների վերաբերյալ: Այդ ժամանակ քաղաքական գործոնները կլինեն առնվազն այնքան կարևոր (եթե ոչ ավելի կարևոր), որքան տնտեսական գործոնները, որոնք հարկավոր է հաշվի առնել:

Մեկնաբանել