Հայտնի դաշնակահարը՝ հետապնդումների զոհ Թուրքիայում

Turkish classical pianist Say performs during a concert in AnkaraAl-Monitor-ում լույս է տեսել սյունակագիր Ֆեհիմ Թաշթեքինի հոդվածը, որն անդրադառնում է թուրք հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Ֆազըլ Սայի դեմ ճնշումներին: Դեռ երկու տարի առաջ Թվիթերում մի գրառման համար Սայը դատապարտվել էր 10 ամսվա պայմանական ազատազրկման, սակայն դրանով նրա դեմ հետապնդումները չեն ավարտվել: Վերջերս Թուրքիայի կառավարության ճնշման տակ կոմպոզիտորի ստեղծագործությունները հանվել են Անկարայի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի ծրագրից: Ո՞րն է ճնշումների նպատակը: Ֆեհիմ Թաշթեքինի հոդվածը որոշ կրճատումներով, թարգմանաբար ներկայացված է ստորև:

«Ճապոնիան դաշնակահար Ֆազըլ Սայի ամենասիրած երկրներից է: Նա մեկնել է այնտեղ երկու շաբաթ առաջ ութ համերգ տալու նպատակով: Վաղը նա պետք է մեկնի Չինաստան, իսկ հետո՝ Սանկտ Պետերբուրգ և Ցյուրիխ: Իսկ Անկարայում մարդիկ այլևս չեն կարող վայելել նրա կատարումները, որովհետև քաղաքի ամենահեղինակավոր նվագախումբը Սային հանել է իր ծրագրից»-, հոկտեմբերի 21-ին գրել է Radikal-ի սյունակագիր Ջեմ Էրջիեսը՝ մեկնաբանելով Թուրքիայում արվեստի նկատմամբ պետական գրաքննության վերջին դեպքը:

Միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար և կոմպոզիտոր Սայը հաճախ է զայրացրել «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությանը:

Իրականում ի՞նչ է պատահել: Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հանել է Սայի ստեղծագործությունները Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի 2014-2015թթ. ծրագրից: Նվագախումբը կատարել է Սայի «Ստամբուլի սիմֆոնիան», «Ջրի դաշնամուրային կոնցերտն» ու «Հերմիյաս. տղան դելֆինի վրա» ստեղծագործությունները: Ըստ շրջանառվող լուրերի՝ նախարարությունը բանավոր նախազգուշացրել է նվագախմբի ղեկավարությանը, որ չի հաստատի վերջինիս ծրագիրը, եթե դրանից չհանվեն Սայի ստեղծագործությունները: Պահանջը կատարվել է մինչև սեզոնի բացման համերգը, և նախարարը հաստատել է ծրագիրը:

Այս քայլը բողոքի ալիք է բարձրացրել արվեստագետների շրջանում: Ինքը՝ Սայը, վրդովմունք և միաժամանակ անհանգստություն է արտահայտել:

«Վերջին մի քանի ամիսներին ինձնից գողացան իմ 14 տարվա Անթալյայի դաշնամուրի փառատոնը, և իմ ամենամյա համերգները Բորուսանի նվագախմբի հետ չեղյալ են հայտարարվել ինչ-որ տարօրինակ պատճառով, ինչն ինքնին արգելք է: Այժմ նախարարությունն է նույն բանն արել,- Radikal-ին ասել է Սայը: – Ես իմ աշխատանքը ներկայացնում եմ աշխարհով մեկ, սակայն ի վիճակի չեմ դա անել իմ սեփական երկրում: Ո՞րն է նպատակը»: Թվիթերում էլ Սայը հարցադրում է արել. «Ինչի՞ հիման վրա են իմ ստեղծագործությունները հանվել նվագախմբի ծրագրից»:

Բանավեճն իսկույն արձագանք է գտել խորհրդարանում: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրիքյուլուն խորհրդարանում հարց է բարձրացրել՝ «Ո՞րն էր պատճառը, որ Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն իր ծրագրից հանել է Ֆազըլ Սայի ստեղծագործությունները, որին 2008թ. Եվրոպական Միությունը հռչակել է «մշակութային դեսպան»»:

Փոխնախարար Հալուք Դուրսունը հերքել է, որ Սայի գործունեության վրա արգելք է դրվել և ասել, որ նախարարությունը շարունակում է աջակցել Սային որպես արտիստի: Արվեստագետների համայնքը, այնուամենայնիվ, չի հանդարտվում:

Radikal-ի լրագրող Էրջիեսը, որը ուշադիր հետևում է հարցին, վստահ է, որ արգելքը շատ իրական է: Al-Monitor-ի հետ զրույցում նա ասաց. «Ակնհայտ է, որ փոխնախարարը փորձում է հանդարտեցնել կրքերը: Սայը չէր արձագանքի այնպես, ինչպես արեց, եթե նրան տեղեկացրած չլինեին, որ նա հանվել է նոր սեզոնի ծրագրից: Հենց այս գաղափարին է հակված նաև երաժշտական համայնքի մեծ մասը»:

«Հաշվի առնելով կառավարության թշնամանքը ընդդիմախոսների նկատմամբ ցանկացած ոլորտում՝ տնտեսությունից մինչև մամուլ, ինչպես նաև Մշակույթի նախարարության խտրականությունը մասնավոր և պետական թատրոններին ֆինանսական աջակցության հարցում, գրաքննության ու արգելքի պես երևույթները ցավոք ավելի քան իրական են դառնում»,- հավելել է Էրջիեսը:

Չնայած փոխնախարարի հավաստիացումներին՝ Սայը սուր նամակ է հղել կառավարությանը, որում ասված էր. «Ես գրում եմ Պեկինից, որտեղ այսօր երեկոյան համերգ ունեմ: Ճապոնիայով շրջագայելիս տեղեկացա, որ իմ երեք ստեղծագործություններն Անկարայում հանվել են ծրագրից, ինչը բողոքի ալիք է բարձրացրել: Դա հաճելի իրադրություն չէ:

Գիտե՞ք՝ ե՞րբ եք իսկապես ուժեղ դառնում: Երբ սատարում եք Արևելքին և Արևմուտքին և պահպանում դրանք հնարավոր լավագույն սինթեզում: Դա է պատճառը, որ «Ստամբուլի սիմֆոնիան», որի վրա այժմ Անկարայում արգելք է դրվել, կատարվել է աշխարհով մեկ: Այն պատմում է Ստամբուլի մասին միայն երաժշտության միջոցով՝ առանց խոսքերի: Այս ստեղծագործությամբ ես շահել եմ 2013թ. ECHO դասական երաժշտության մրցանակը: Հպարտացե՛ք դրանով, ոչ թե վախեցեք:

Եթե տարբեր կենսակերպը ենթարկվում է սպառնալիքի ու հետապնդումների, արդյունքում անառողջ սոցիալական մթնոլորտ կլինի: Մի՛ վախեցեք արվեստից և արվեստագետներից: Մենք տարիներ շարունակ ընդդիմացել ենք միմյանց: Ինձ երբեք չի հաջողվել լեզու գտնել այս կառավարության հետ:

Ես աշխարհով մեկ տարեկան տալիս եմ 100-130 համերգ: Եթե ցանկանում եք՝ կարող եք ստուգել: Փորձեք հասկանալ: Ես Թուրքիայի քաղաքացի եմ, արվեստագետ, որի բոլոր ստեղծագործությունները Թուրքիայի մասին են: Գիտե՞ք՝ մի քանի չեղյալ հայտարարված համերգները դժար թե ինձ համար մի բան փոխեն: Սակայն ձեր վերաբերմունքն ընկալվում է զարմանքով և քամահրանքով: Արդյոք սա ա՞յն է, ինչ ուզում եք»:

Սայի և կառավարական շրջանակների միջև հակասություններն իրենց կիզակետին են հասել 2012-ին, երբ դաշնակահարը Twitter-ում քննադատել էր կոռուպցիան՝ պարսիկ բանաստեղծ և փիլիսոփա Օմար Խայամի խոսքերով. «Չգիտեմ՝ նկատե՞լ եք, թե՞ ոչ, որ բոլոր հիմարները, գողերն ու խեղկատակները խորը հավատացյալներ են»: Սայի այս գրառումը ցասում է առաջացրել պահպանողականների շրջանում: 2013թ. նա մեղավոր է ճանաչվել «կրոնական արժեքների բացահայտ ոտնահարման» մեջ և դատապարտվել 10 ամսվա պայմանական ազատազրկման:

Կառավարության հիմնական խնդիրն այն է, որ որպես սպառնալիք է ընկալում այն ամենն, ինչը տարբեր է: Կառավարությունը փորձում է վերահսկել ամեն ինչ՝ հիվանդություն, որը դառնում է խրոնիկ և ավելի ակնառու բոլոր ոլորտներում: Ավելի ու ավելի շատ թուրքերի է սկսում անհանգստացնել ոչ միայն արվեստի, այլև հենց իրենց երեխաների ու սեփական ապագան: