Doing Business 2015-ում Հայաստանը 4 կետով առաջ է շարժվել

Doing BusinessՀամաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի Doing Business 2015 («Գործարարությամբ զբաղվելը – 2015») զեկույցում Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ 189 երկրների շարքում զբաղեցրել է 45-րդ տեղը՝ անցած տարվա համեմատ դիրքը բարելավելով 4 հորիզոնականով։

Գործարարությամբ զբաղվելու դյուրինության ընդհանուր ցուցիչի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվել 10 ենթացուցիչներ։ Դրանցից 5-ի մասով Հայաստանը առաջընթաց է արձանագրել, 3-ով՝ հետընթաց, իսկ 2 ցուցիցչով դիրքերը մնացել են անփոփոխ։

Ուշագրավ է, որ Հայաստանը միանգամից  32 կետով բարելավել է դիրքը «Հարկերի վճարում» ենթացուցիչով՝ զբաղեցնելով 41-րդ տեղը։ «Միջազգային առևտուր» ենթացուցիչով առաջընթացը կազմել է 14 կետ (110-րդ տեղ)։ Հայաստանը 1 կետով առաջընթաց է արձանագրել «Բիզնես սկսելու» ցուցիչով և զբաղեցրել է 4-րդ տեղը: «Շինարարության թույլտվություններ» և «Էլեկտրաէներգիայի հասանելիություն» ենթացուցիչներով Հայաստանի առաջընթացը կրկին 1 կետով է (81-րդ և 131-րդ տեղերը համապատասխանաբար):

Միաժամանակ` Հայաստանը 6 կետով հետընթաց է արձանագրել «Վարկերի ստացում» ենթացուցիչով (զբաղեցրել է 36-րդ տեղը): «Ներդրողների պաշտպանվածություն» ենթացուցիչով հետընթացը եղել է 1 կետ (49-րդ տեղ)։ «Անվճարունակության որոշում» (լուծարում) ցուցիչով Հայաստանը դիրքը զիջել է 2 կետով և զբաղեցրել 69-րդ տեղը։

«Սեփականության գրանցում» և «Պայմանագրերի կիրարկում» ենթացուցիչներով երկրի դիրքն անփոփոխ է մնացել. այն զբաղեցնում է 7-րդ և 119-րդ տեղերը համապատասխանաբար:

Հարևան Վրաստանը աղյուսակում 15-րդն է. անցած տարվա համեմատ հետընթացը կազմում է 1 կետ: Թուրքիան դիրքը զիջել է 4 կետով և զբաղեցրել 55-րդ տեղը: Ադրբեջանը 80-րդ տեղում է` առաջընթացը 8 կետ։ Ռուսաստանը 2 կետով բարելավել է դիրքը` զբաղեցնելով 62-րդ տեղը:

Գործարարությամբ զբաղվելու լավագույն երկիրը շարունակում է մնալ Սինգապուրը: Նրան հաջորդում են Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Դանիան, Հարավային Կորեան:

Ի դեպ` այս տարվա զեկույցն առաջին անգամ տվյալներ է ներառում 11 երկրների մեծությամբ երկրորդ քաղաքների մասին նաև: Զեկույցի հեղինակները նշում են, որ դա հնարավորություն է տալիս միևնույն երկրի ձեռնարկատիրական գործունեության պայմանները տարածաշրջանային մակարդակով համեմատել և համեմատական վերլուծության ենթարկել:

Doing Business զեկույցում վարկանշային դիրքի փոփոխությունն արձանագրում է, թե անցած մեկ տարվա ընթացքում տվյալ երկիրը ինչ առաջընթաց է գրանցել բարեփոխումների մասով և որքանով է բարելավել գործարար միջավայրը։