Փլվածք Թուրքիայի ածխահանքերից մեկում. 18 մարդու ճակատագիրն անհայտ է

Ermenek MineԹուրքիայի Քարաման նահանգի Էրմենեք շրջանի ածխահանքերից մեկում հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած փլվածքի հետևանքով 18 հանքափոր շարունակում է մնալ ածխահանքում՝ 11 հազ. տոննա ջրի տակ: Փլվածքը տեղի է ունեցել ջրհեղեղի արդյունքում, հաղորդում է Today’s Zaman-ը: 

Ըստ շրջանառվող լուրերի՝ ածխահանքի ներսում ջուրը ժամանակին չի չորացվել, ինչն էլ ջրհեղեղի է հանգեցրել: Ներկայում դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում: 

Wsj.com.tr կայքի հաղորդմամբ՝ ընկերության սեփականատեր Սաֆեթ Ույարը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից իր թեկնածությունն է առաջադրել Էրմենեքի շրջանի ղեկավարի թեկնածուի պաշտոնում:

Քարամանի աղետը հիշեցրել է մեկ այլ ողբերգություն, որը տեղի էր ունեցել այս տարվա մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում. այն ժամանակ զոհվել էր 301 հանքափոր: Տեղի ունեցած աղետը բողոքի ալիք էր բարձրացրել ոչ միայն Սոմայում, այլև երկրի մյուս հատվածներում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ ընդունելությունը՝ Էրմենեք մեկնելու նպատակով: Դեպքի վայր է մեկնել Թուրքիայի կառավարության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, կառավարական մի շարք պաշտոնյաներ: