Հայաստանում թանկարժեք մետաղների զտարկման գործարան կհիմնվի

DSC07101_500Հայաստանում թանկարժեք մետաղների, հիմնականում` ոսկու և արծաթի զտարկման (աֆինաժի) գործարան կբացվի: Հոկտեմբերի 29-ին համապատասխան մտադրության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել Կենտրոնական բանկի և «Թեքնոսերտ» ընկերության միջև:

ԿԲ տարածած հաղորդագրության համաձայն` գործարանի գործունեության հիմնական նպատակն է լինելու 999.9 հարգի բանկային ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը և վաճառքը Հայաստանում և միջազգային շուկայում՝ Հայաստանում արդյունահանվող ոսկու և արծաթի հանքանյութի (խտանյութի) մշակումով: Ակնկալվում է, որ գործարանի ստեղծման ու հետագա կառավարման գործում կներգրավվեն տվյալ ոլորտում միջազգային փորձ և հեղինակություն վայելող ընկերություններ:

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, շվեցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հիմնադիր, «Արմսվիսսբանկի» և «Թեքնոսերտ» ընկերության խորհրդի նախագահ Վարդան Սիրմաքեշը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնը և այլք: