Հոկտեմբերի 31-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է Երևանի մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներն ընդդեմ Մետրոպոլիտենի գործով նիստը:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը դատարանից, նիստը հետաձգվել է պատասխանող կողմի բացակայության պատճառով. փաստաբան Արտակ Երեմյանը նիստին չէր ներկայացել հիվանդ լինելու պատճառաբանությամբ: Դատական հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին` ժամը 11:00-ին:
Մետրոպոլիտենի նախկին երեք աշխատակիցներ Անդրանիկ Գևորգյանը, Սևակ Հովհաննիսյանը և Գագիկ Գալստյանն աշխատանքից ազատվել էին կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի ակցիային մասնակցելուց հետո: Նրանք պնդում են, որ իրենց աշխատանքից ազատել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հրապարակային բողոքի համար: Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները դատարանից պահանջում են անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանները, վերականգնել իրենց աշխատանքն ու ստանալ պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի գումարը։
Մետրոպոլիտենի շուրջ 30 աշխատակիցներ փետրվարի 12-ին ակցիա էին անցկացրել ընկերության գլխավոր վարչության շենքի առջև` իրենց բողոքն արտահայտելով աշխատավարձերից կատարված պարտադիր կուտակային պահումների դեմ: Նրանք դիմում էին հանձնել տնօրինությանը` պահանջելով պահումներ չկատարել և վերադարձնել հունվար ամսվա կենսաթոշակային պահումները։