Նոյեմբերի 3-6-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական հինգ զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Լոնդոնում անցկացվող World Travel Market զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:
Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն` հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 186 երկրի շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություն և զբոսաշրջային ոլորտի ավելի քան 50 000 մասնագետ:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ անգլերենով:
«Մասնակցությունը առաջատար այս ցուցահանդեսին նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի և Արցախի զբոսաշրջությունը եվրոպական շուկայում և նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին»,- ասված է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
Հոկտեմբերի 9-11-ը Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ Իտալիայի Ռիմինի քաղաքում մասնակցել էր TTG Incontri միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: