Պուտինը կանցնի ռուսական լիմուզինի

limuzinՄոտ ապագայում հնարավոր է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մյուս ղեկավարները հրաժարվեն իրենց գերմանական և ճապոնական լիմուզիններից և վերադառնան ռուսական արտադրության լիմուզինների։

Լիմուզինների արտադրության ծրագիրն անվանվել է «Կորտեժ»: Դրա մշակումը սկսվել է դեռ Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամանակ: Ակնկալվում է, որ ավտոմեքենաները կստեղծվեն առաջիկա երկու տարիների ընթացքում: Ներկայացուցչական դասի լիմուզինը կունենա 12 մխոցային (V12) շարժիչ՝ 800 ձիաուժ հզորությամբ։

Ինչպես հաղորդում է cartimes.ru կայքը, ռուսական լիմուզինի շարժիչի նախագծմամբ զբաղվում է գերմանական Porsche Engineering ընկերությունը: Ռուսաստանի Ավտոմոբիլների և ավտոշարժիչների գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի՝ «ՆԱՄԻ»-ի մասնագետները, որոնք պատասխանատու են «Կորտեժ» անունը կրող նախագծի համար, նոր շարժիչը անվանում են «Շարժիչ ցար»։

Նախատեսվում է միասնական լիահաղորդակ հարթակով ավտոմեքենաների ամբողջ ընտանիքի ստեղծում: Խոսքը լիմուզինի, ներկայացուցչական սեդանի, արտաճանապարհային ավտոմեքենայի և միկրոավտոբուսի մասին է: Երկրի առաջին դեմքերի համար կներկայացվեն զրահապատ ավտոմեքենաները, իսկ սովորական  տարբերակները կարող է գնել յուրաքանչյուր ցանկացող՝ բնականաբար համաշխարհային նմանօրինակներից ոչ էժան:

Ավտոմեքենաների նախագծմանը նախատեսվում է ներգրավել արևմտյան կոնստրուկտորական բյուրոների, իսկ մեքենանների բուն արտադրությունը լինելու է տեղում՝ Ռուսաստանում:

Նախատեսվում է, որ մեքենաների արտադրությամբ կզբաղվի ռուսական Solers ընկերությունը՝ Նիժնի Նովգորոդի իրեն պատկանող գործարանում, ինչպես նաև «Ուազ» գործարանում:

«Կորտեժ» նախագծի մասին հայտնի է այսքանը: Խոսվում է, որ գլխավոր պատվիրատուի ցանկությամբ օգտագործվել է Ստալինի ժամանակաշրջանի ավտոմեքենաների ոճը:

«Շարժիչ ցարը» սոցցանցերում արդեն համեմատել են Մոսկովյան պետության այնպիսի խորհրդանիշների հետ, ինչպիսիք են «Թնդանոթ ցարը» և «Զանգ ցարը»: Վերջիններիս համար ընդհանրականն այն է, որ թնդանոթը, չնայած իր պաթոսային տեսքին, երբևէ չի կրակել, իսկ զանգը հնչեցնելու համար չէր:

Ներկայում սեդանների վրա V12 շարժիչներ տեղադրում են միայն երեք ընկերություններ՝ Toyota-ն, Mercedes-ը և BMW-ն, հաղորդում է cartimes.ru-ն։