«Կարֆուրը» Հայաստանում կբացվի 2015թ. հունվարի վերջին

carrefour-SAՖրանսիական «Կարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի բացումը Հայաստանում նախատեսված է 2015թ. հունվարի վերջին: Այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է  ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալը` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպմանը:

Գյուղնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Նալը նշել է, որ «Կարֆուրում» նախապատվությունը տրվելու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք է բերվելու անմիջապես հայ արտադրողներից:

Սերգո Կարապետյանն էլ հույս է հայտնել, որ տեղական արտադրողների նկատմամբ կներկայացվեն ավելի մեղմ պահանջներ, իսկ ցանցի խանութների գնագոյացումը կիրականացվի` ելնելով հայկական շուկայի առանձնահատկություններից: Նա նաև համոզմունք է հայտնել, որ «Կարֆուրի» մուտքը հայկական շուկա կնպաստի տեղական արտադրանքի որակի բարձրացմանն ու տեսականու ընդլայնմանը:

Քրիստիան Դը Նալը պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների` խորհրդատվություններ մատուցելու վերամշակող ճյուղի տարբեր ոլորտների ընկերություններին՝ արտադրանքի որակի և տեսականու հարցում:

Հանդիպման ավարտին Սերգո Կարապետյանն առաջարկել է առաջիկայում ստորագրել փոխըմբռնման հուշագիր: Նա խոստացել է նաև նախքան ցանցի բացումը կազմակերպել «Կարֆուրի» ներկայացուցիչների հանդիպումը վերամշակող ընկերությունների հետ:

«Կարֆուրը» կբացվի «Երևան մոլ» առևտրի կենտրոնում: 2014-ի մայիսին հիպերմարկետի շինհրապարակ էին այցելել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը՝ վերջինիս՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում:

Նախատեսվում էր, որ «Կարֆուրը» կբացվի Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում, որտեղ 2013թ. տևական ժամանակ շարունակում են փակցված մնալ խանութի բացումն ազդարարող պաստառները:

ՍիվիլՆեթը դեռ 2013թ. սկզբին գրել էր, որ «Կարֆուրը» Հայաստանում բախվել է լուրջ դիմադրության՝ ի դեմս պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի («Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր) և Արտակ Սարգսյանի (ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր)։ «Կարֆուրը», որը հայկական շուկա մուտք գործելու համար կատարել է $17 մլն-ի ծախսեր, մուտքի խոչընդոտների հետ կապված խնդիրները քննարկել էր իշխանությունների հետ։ Carrefour-ի մուտքը հայկական շուկա ողջունել էին այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանում ԱՄՆ-ի լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: