Աբխազիայում մեկ գիշերում որոշում չեն ընդունում

indexՊուտինյան Ռուսաստանին շատ են քննադատում նախկին խորհրդային պետություններին ճնշելու, արտաքին քաղաքական կողմնորոշում պարտադրելու, տնտեսական կամ անվտանգության բնագավառում համագործակցությունը չարաշահելու և այլ մեղքերի մեջ: 2013թ. սեպտեմբերի 3-ին Եվրասիական միությանը Հայաստանի միանալու ցանկության մասին Սերժ Սարգսյանի անսպասելի հայտարարությունից հետո նույնպես Ռուսաստանին մեղադրեցին Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Ավելին, այս ընթացքում և դրանից հետո Ռուսաստանը մի քանի նվաստացուցիչ պայմանագրեր պարտադրեց Հայաստանին, Հայաստանի խորհրդարանն իր հանրապետական անդեմ մեծամասնությամբ վավերացրեց ստորացուցիչ պայմանագրերը, իսկ մեկ գիշերում ճակատագրական որոշումների հակված Սերժ Սարգսյանը ստորագրեց դրանք: Ժողովուրդը, հանրությունը որևէ դեր չունի այս գործընթացներում, նրա կարծիքը ոչ ոք չի լսում, չկա որոշումների վրա ազդելու որևէ իրական մեխանիզմ:

Ռուսաստանի քաղաքականությունը հերթական անգամ քննադատության արժանացավ Աբխազիային ռուսների կողմից առաջարկված «Համագործակցության և ինտեգրման մասին» պայմանագրի նախագծի հետ կապված: Այս պայմանագրով Աբխազիայի ինքնիշխանությունը դրվում էր կասկածի տակ, աբխազական զինված ուժերը մտնում էին ռուսական բանակներից մեկի մեջ, փաստացի Աբխազիան դառնում էր Ռուսաստանի սուբյեկտներից մեկը: Ռուսաստանի այս ստորացուցիչ առաջարկին աբխազական իշխանությունները ոչ թե Սերժ Սարգսյանի նման մեկ գիշերում պատասխան տվեցին, այլ դրեցին հանրային քննարկման: Պայամանագրի նախագիծը լուրջ վրդովմունք առաջացրեց աբխազական հանրության մոտ: Ինքնիշխանության համար հազարավոր զոհեր տված ժողովուրդը պատրաստ չէր այդ նույն ինքնիշխանության զոհաբերմանը:

Հոկտեմբերի 30-ին Աբխազիայի խորհրդարանին ներկայացված պայմանագիրն արդեն կրում էր «Դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին» անվանումը, պայմանագրի դրույթներում Աբխազիայի ինքնիշխանությանը կպչող դրույթներ չկան, ռուս-աբխազական պայամանգրի Սուխումում ստեղծված տարբերակն ամբողջովին երկու իրավահավասար սուբյեկտների միջև կնքված համաձայնագիր է հիշեցնում:

Այս օրինակը ցույց է տալիս, որ Ռուսաստանի նկատմամբ քննադատությունը չափազանցված է, Ռուսաստանի դերն ու նշանակությունը՝ դեմոնիզացված: Փոքրիկ ու անվտանգության առումով մեծ խնդիրներ ունեցող Աբխազիան կարողանում է հստակ առաջ տանել իր ազգային շահը և կուլ չգնալ ստորացուցիչ առաջարկներին: Քայլ, որը չկարողացավ կատարել Սերժ Սարգսյանը՝ նվաստացնելով Հայաստան գործոնը միջազգային հարաբերություններում: Արցախյան պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ Հայաստանը վերածվել էր կարևոր գործոնի, որի զարգացումն ու տարածաշրջանային դերակատարության մեծացումը պետք է դառնար մեր ամենօրյա ջանքների առարկան: Սակայն հայաստանյան հասարակության գործոնի վերացումը ներքին կյանքում ի վերջո բերեց ինքնիշխանության էական կորստի: Սերժ Սարգսյանի քայլի սխալականությունն ավելի է ընդգծվում աբխազական օրինակի ֆոնին: Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը, անդեմ մեծամասնությամբ Ազգային ժողովի գոյությունը Հայաստանին սպառնում են միջազգային մակարդակով նոր ստորացումներով:

Մեկնաբանել