Սահմանադրական դատարանը նոյեմբերի 14-ին` ժամը 10:00-ին, կքննի 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Ինչպես հաղորդում է Սահմանադրական դատարանի պաշտոնկան կայքը, հարցը կքննվի գրավոր ընթացակարգով:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 10-ին ստորագրվել էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը։
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրել են մայիսի 29-ին Աստանայում։ Այն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ից։
Եվրամիության հետ ասոցացման հարցով շուրջ երեք տարի վարած բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը 2013թ․ սեպտեմբերի 3-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, անսպասելի հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը։