Էրդողանի նոր նստավայրը՝ 615 մլն դոլար և 1000 սենյակ

Ak SarayԹուրքիայի նոր նախագահական պալատն արժեցել է 615 մլն դոլար: Նոյեմբերի 4-ին Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջետային հանձնաժողովին այսպիսի տվյալներ է հաղորդել Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը, հաղորդում է Today’s Zaman-ը:

Այս տարվա օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնն ստանձնելուց հետո հրաժարվեց նախագահական նախկին՝ Չանքայա պալատից՝ խախտելով ավելի քան 90 տարվա ավանդույթը:

«Սպիտակ պալատի» (թուրքերեն՝ Ak Saray – ՍիվիլՆեթ) զբաղեցրած տարածքի վերաբերյալ թուրքական մամուլում տարբեր տեղեկություններ կան: Այսպես՝ ըստ Today’s Zaman-ի՝ պալատը կառուցված է 300 հազ. ք/մ տարածքի, իսկ ըստ Hurriyet Daily News-ի՝ մոտ 150 հազ. ք/մ տարածքի վրա: «Աթաթուրքի անտառային հողատարածքում» (AÖÇ) նստավայրի կառուցման համար հատվել են հարյուրավոր ծառեր: Այն ունի հազար սենյակ, ինչն ավելի շատ է, քան ԱՄՆ-ի Սպիտակ տանը, մոսկովյան Կրեմլում և լոնդոնյան Բուքինգեմյան պալատում:

Գինեսի ռեկորդների գրքում ներկայում որպես աշխարհի խոշորագույն նստավայր է գրանցված Բրունեյի սուլթանի Իստանա Նուրուլ Իման պալատը՝ 200 հազ. ք/մ տարածքով:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որ նոր նախագահական պալատն անօրինական է: Նա խոստացել է իր գլխավորած կուսակցության՝ իշխանության գալու դեպքում պալատը նվիրաբերել Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանին:

«Այսպես կոչված սուլթանը այս պալատը կառուցել է մի երկրում, որտեղ երեք մլն մարդ գործազուրկ է»,- ասել է ընդդիմադիրը: Նրա խոսքով՝ պալատի կառուցման ընթացքում կոռուպցիա է տեղ գտել:

Ինչպես գրել է հայտնի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզը, «Էրդողանի և նրա կուսակցության համար AÖÇ-ը խորհրդանշում է մի բան, որը պետք է նվաճել և գրավել՝ վերահսկողություն սահմանելու ու ապահով զգալու համար: Պատահական չէ, որ հսկայական այս շինությունը կառուցվում է AÖÇ-ում. կառույցը, Էրդողանի մտահղացմամբ, ցույց է տալիս, որ նա կարող է իր ուժը գործածել երկրի ամեն անկյունում»: