Հոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունը ցանկություն է հայտնել փաստագրական ֆիլմ նկարահանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Այս մասին Սթոունն ասել է «Ռիա նովոստի» գործակալության հետ հարցազրույցում: Սթոունի խոսքով՝ ինքը ցանկանում է այդպիսով ամերիկացիներին շատ իրադարձությունների վերաբերյալ ցույց տալ այընտրանքային տեսակետ:
«Մենք մտադիր չենք Պուտինի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանել, սակայն ես նրանից հարցազրույց կվերցնեի՝ ցույց տալու համար տեսակետը, որ ամերիկացիները չեն ցանկանում լսել»,- ասել է Սթոունը:
Վերջերս ԱՄՆ-ում լույս է տեսել Սթոունի «ԱՄՆ չպատմված պատմությունը» գիրքը, որում առաջարկում է ԱՄՆ պատմությունը դիտարկել նորովի: «Ցանկացած երկիր թաքցնում է բացասական պահերը, պետության համար դժվար է լինել ինքնաքննադատ, սովորաբար բոլորն իրենք իրենց շատ են սիրում… Ես չեմ ասում՝ պատմությունը, որ սովորեցնում են երիտասարդությանը, ճիշտ չէ, սակայն այն մասնատված է»,- ասել է Սթոունը գրքի մասին:
Նա Մոսկվայում է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլիմի սցենարը հաստատելու համար: Այն հենվում է Սնոուդենի նախկին փաստաբան Անատոլի Կուչերենի՝ «Ծովահրեշի ժամանակը» գրքի վրա:
Էդվարդ Սնոուդենը միջազգային ճանաչվածություն ստացավ ամերիկյան հատուկ ծառայությունների մասին գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո։ 2013թ․ օգոստոսի 1-ին նրան Ռուսաստանում մեկ տարի ժամկետով ժամանակավոր ապաստան էր տրամադրվել։
Հայրենիքում Սնոուդենին մեղադրում են լրտեսության մեջ։
Պուտինի մասին 2011թ. 8-մասանի փաստագրական ֆիլմ է նկարել ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Անդրեյ Կառաուլովը: 2007թ. ֆրանսիացի ռեժիսորներ Ժան Միշել Կարեն և Ջիլ Էմերին «Պուտինի համակարգը» անվամբ ֆիլմ են նկարել Պուտինի կենսագրության, կարերիայի և քաղաքականության մասին: