Շառլին սիրելը դիվանագիտության հետ կապ չունի

AznavourՎերջին օրերին Ազնավուրի հետ տեղի ունեցածը, ինչպես նա է հայտարարել իր ֆեյսբուքյան էջում, մանիպուլյացիա է և ավելին՝ խաբեբայություն: Այն նույնիսկ կարելի է համարել Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական դասական ժխտողական քաղաքականության հերթական «մարգարիտներից» մեկը:

Շատերը, ովքեր քաջատեղյակ էին Թուրքիայի լրագրողական և խմբագրական ոճին՝ կարծում էին, որ թուրքական թերթում տպագրված հոդվածն առնվազն խեղաթյուրված է: Նաև ենթադրվում էր, որ կարող է Ազնավուրի՝ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի հետ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած օff the record մտերմիկ խոսակցությունը սղագրված և ներկայացված է հարցազրույցի տեսքով:

Վերոհիշյալ հանագամանքները պարզաբանելու փորձեր արվեցին: Ի վերջո կապ հաստատվեց հարցազրույցի հեղինակ, հանրաճանաչ թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանի հետ, որը թուրքական շոուբիզնեսի առանցքային դեմքերից է:

Բազմաթիվ հեռախոսազրույցներից հետո պարզվեց՝ Օզերմանի միջնորդությամբ, փարիզյան ռեստորաններից մեկում հանդիպել են Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:

Հարցազրույց չի եղել: Այդ ձևաչափով գրված հոդվածում Օզերմանը հավաքել է կտորներ իրենց զրույցից և Ազնավուրի՝ արտասահմանյան մամուլում հրապարակված հարցազրույցներից: Օզերմանը նաև խոստովանեց, ասելով. «Ի՞նչ է եղել որ, ի՞նչ կապ ունի՝ ինձ ասել է, թե ոչ, միևնույնն է, նախկինում նման հայտարարություններով հանդես եկել է: Ես փորձեցի թուրք հասարակությանը ներկայացնել Ազնավուրի բարեկամական մտքերը»:

Ռեստորանում Ազնավուրին հանձնվել է նվեր, որը կարող եք անվանել մրցանակ կամ հուշանվեր, և նա նվերը ձեռքին՝ թուրք դեսպանի ընկերակցությամբ, ժպտացել է տեսախցիկներին:

Պետք է տեսնել մեր սխալները

Երևի անիմաստ է խոսել Օզերմանի անլրջության, անբարոյականության, նաև անկրթության մասին: Պետք է տեսնել մեր սխալները:

Անկախ նրանից, սիրում ենք Ազնավուրին, թե ոչ, հարց է առաջանում. ապրիլի 24-ի 100-րդ տարելիցից ամիսներ առաջ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի կոչում ունեցող դիվանագետը ինչո՞ւ է հանդիպում թուրք դեսպանի հետ, հանդիպման մասին տեղյակ պահո՞ւմ է պաշտոնական Երևանին, հանդիպումից հետո զեկուցո՞ւմ է դրա մանրամասները, այդ հանդիպումից ի՞նչ է շահելու Հայաստանը, ինչո՞ւ ստացած նվերը գրկած նկարվում է, մի՞թե դժվար էր կռահել, որ այդ նկարն օգտագործվելու է և դա նկարվում է միտումնավոր:

Այսօր ցանկացած հայ կարող է կողմ լինել հայ-թուրքական երկխոսությանը, կարող է ցանկություն հայտնել առանց նախապայմանների սահմանի բացման մասին, ավելին՝ կարող է սիրել թուրքական ուտելիք, թուրքական երաժշտություն և կարող է արտասվելով պատմել, թե իր մայրն ինչքան էր սիրում թուրք ընկերուհիներին:

Այս բոլորն առավել ևս կարող է ասել երկար տարիներ արվեստով զբաղվող, էմոցիոնալ, ազատ և իրեն աշխարհի քաղաքացի համարող շանսոնյե Ազնավուրը, սակայն այսօր Ազնավուրը միայն աշխարհահռչակ շանսոնյե չէ, քանի որ Հայաստանը նրան շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի կոչում:

Ցանկացած երկրի դեսպան իրավունք չունի դեսպանի իր պատմուճանը տանը թողնել և հանդիպել մի երկրի ներկայացուցչի, որի հետ հարյուր տարի չլուծվող լուրջ խնդիրների մեջ է, որի ժամանակացույցում հատկապես այս տարին բավական ճակատագրական է: Ավելին՝ նրա ներկայացրած պետությունը տվյալ երկրի հետ գտնվում է ֆուտբոլային դիվանագիտության մեջ, երբ բոլոր կողմերը փնտրում են հարմար պահ, որպեսզի կարողանան գոլ խփել:

Դեսպանը օտար երկրում պետության ներկայացուցիչն է: Սա դասագրքային ճշմարտություն է, և ինչպես սիրում է կրկնել Հայաստանի ներկա արտգործնախարար Նալբանդյանը, դիվանագետն օրվա քսանչորս ժամն էլ մնում է դիվանագետ:

Մեզ անծանոթ չէ հայությանը պառակտել ձգտող թուրքական քաղաքականությունը, որը փորձում է հակադրել թուրքահայերին, Սփյուռքին և հայաստանցիներին: Ըստ թուրքական պետական քաղաքականության՝ թուրքահայերը թուրքերին ամենալավ հասկացող և աջակցող հայերն են, հայաստանցիները խեղճ են և սոված, իսկ Սփյուռքը, լողալով դրամի մեջ, թքած ունի Հայաստանի վրա:

Ազնավուրի հետ հանդիպման աղավաղումն այս քաղաքականության շարունակությունն է, ուր փորձ է արվում ցույց տալ, որ սփյուռքահայ արվեստագետը, հակառակ Հայաստանի իշխանությունների և Սփյուռքի, մտածում է իր հայրենակիցների մասին, հետևաբար ուզում է՝ բացվի սահմանը և օգուտ լինի «խեղճ» հայաստանցիներին: Սրանով իսկապես խորամանկ քայլ է արվում. բացի այն պնդումից, որ Ազնավուրը վատ է տրամադրված Հայաստանի իշխանությունների նկատմամբ, թուրքահայերից բացի, սփյուռքահայերի հետ ևս պաշտոնապես բարեկամանալու փորձեր են արվում:

Հայաստանի ներքին խնդիրները մենք գիտենք, սակայն հային և Հայաստանը դրսում ներկայացնելը նաև պատվի խնդիր է ոչ միայն պետության, այլև հասարակ քաղաքացու համար, որի ընկալմամբ՝ դեսպանը պետք է հանդես գա պետության կողմից մշակված արտաքին քաղաքականության դիրքերից: Մի կողմ եմ թողնում Թուրքիայի նկատմամբ արտաքին քաղաքականություն ունենալու կամ չունենալու ցավոտ խնդիրը:

Այսօր շատ տեղերում հնչեցին հետևյալ արտահայտությունները՝ «թուրքը մնում է թուրք», «թուրքը խաբեբա է»: Ցավոք, «հայն էլ մնում է հայ», առանց պետության, պետականության զգացումի, պետական քաղաքականության և գաղափարախոսության, խեղճ ու խաբված:

Այսօր մենք դիվանագիտական պարտություն ենք կրում, քանի որ դեսպանի մակարդակով մեզ կարողանում են խաբել: Այսօր մենք ավելի ենք խղճանում, քանի որ փորձում ենք թույլ տրված դիվանագիտական սխալը քողարկել՝ հարցը պարզունակացնելով այնքան, թե ստացածը մրցանակ չէր, այլ հուշանվեր:

Ցավոք, յուրաքանչյուր քննադատություն իշխանությունների կողմից ընկալվում և ներկայացվում է որպես «թշնամու ջրաղացին ջուր լցնել», սակայն իրականում սեփական սխալների հետ առերեսման համարձակությունը դրանց ուղղման սկիզբն է: Հաջողության մի հասարակ բանաձև կա՝ բոլորն անում են իրենց գործը և փորձում են լինել ամենալավը, երգիչ ես, դիվանագետ, թե լրագրող…

Մեկնաբանել