«ՆԱՏՕ-ի շաբաթ»` Երևանում

armenia-natoՆոյեմբերի 10-14-ը Հայաստանում կանցկացվի հերթական` 8-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում:

Արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն` «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման օրակարգում են Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար նոյեմբերի 11-ին կազմակերպվող հեռուստակամուրջը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ այցելությունը:

Նոյեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների դեսպանների հանդիպումը ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Կանցկացվեն նաև «Փոխգործակցելիության հարթակ» նախաձեռնությանը և ՄԱԿ-ի ԱԽ 1325` «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» բանաձևին նվիրված կլոր սեղան-քննարկումներ:

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկիզբ են առել 1992-ին, երբ Հայաստանն անդամակցել է Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (որը 1997-ին վերանվանվել է Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ): Համագործակցությունն ավելի ընդլայնվել է, երբ Հայաստանը 1994-ին միացել է Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: 2005թ. վերջին ՆԱՏՕ-ն և Հայաստանը համաձայնության են եկել երկրի առաջին անհատական գործընկերության գործողությունների ծրագրի վերաբերյալ:

ԱԳՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական և քաղաքական համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին: