Հերթական ընտրություններին չենք սպասելու. Արմեն Մարտիրոսյան

Armen-MartirosyanԵռյակի (ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն») ներսում տարաձայնություններ չկան: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հերքելով նաև մամուլում շրջանառվող լուրերը, թե այդ տարաձայնությունները կապված են «Ժառանգության»՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուն դեմ լինելու հետ:

Դիտարկմանը, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին սկսել են մեղադրել նրանում, որ վերջինս եռյակի հոկտեմբերի 24-ի հանրահավաքին մերժել է նաև Եվրոպական միության ուղղությունը՝ նշելով որ ԵՄ-ն լեգիտիմացրել է Սերժ Սարգսյանին և ճանաչել կեղծված ընտրությունները, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Որևէ մերժման խնդիր չկա: Որպես գլխավոր տեսլական՝ մեր եվրոպական ուղղությունը մնում է ուժի մեջ: Այն, որ Եվրոպայի մեր գործընկերները ճիշտ գնահատականներ չտվեցին ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական ժամանակահատվածին, փաստ է: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը օբյեկտիվ էր և ուղղված էր այդ գնահատականներին: Մենք բազմիցս եվրոպացի գործընկերներին զգուշացրեցինք, որ չի կարելի միանշանակ միայն իշխանությանը աջակցել: Դրա արդյունքում նրանք ստացան այն ճաշը, որը իրենք եփել էին, և որը սեպտեմբերի 3-ին ստացան (Նկատի ունի Եվրամիության հետ ասոցացման հարցով շուրջ երեք տարի վարած բանակցություններից հետո Սերժ Սարգսյանի՝ 2013թ․ սեպտեմբերի 3-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, անսպասելի հայտարարությունը, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը- ՍիվիլՆեթ)»: Արմեն Մարտիրոսյանը նաև հավելել է, որ «Ժառանգության»՝ արտաքին քաղաքական ուղղության հետ կապված տեղեկատվությունը ավելի շատ մանիպուլյացիաների դաշտում է, քան իրականության, քանզի «Ժառանգություն»-ը մշտապես կարծել է, որ համեմատության մեջ եվրոպական ուղղությունը Հայաստանի համար շատ ավելի ձեռնատու և նպատակահարմար է:

«Միաժամանակ՝ մենք ունենք մի մոտեցում, այն է՝ Հայաստանը, այնուամենայնիվ, որևէ միության մեջ մտնելիս, պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ընդգծել է պատգամավորը:

Խոսելով եռյակի հետագա գործողությունների, ծրագրերի մասին՝ Մարտիրոսյանն ասել է, որ ներկայում ընթանում են հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքները, գործուն քննարկումների շրջան է:

Հայտարարված իշխանափոխության ժամկետների մասին հարցին «Ժառանգության» փոխնախագահը պատասխանել է. «Դա նույն փուլի շարունակությունն է, որովհետև բոլորն ի սկզբանե հայտարարել են , որ հերթական ընտրություններին չեն սպասելու»:

Իշխանափոխության հարցում կոնկրետ «Ժառանգության» տեսակետի վերաբերյալ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ իրենց կուսակցությունը գտնում է, որ պետք է տեղի ունենան արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: «Մինչ այդ պետք է լինեն Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հրաժարականները, պետք է լինի ժամանակավոր ազգային համաձայնության կառավարություն, որը պետք է նախապատրաստի երկիրը արտահերթ ընտրությունների համար, ինչպես նաև ապահովի երկրի բնականոն գործունեությունը: Այս ամենը պետք է տեղի ունենա առավելագույնը մոտակա ժամանակահատվածում՝ գարնան սկիզբ, բայց ոչ ավել: Սա է մեր պատկերաղրած ժամանակացույցը, որովհետև հասկանում ենք, որ իշխանությունը երկարաժամկետ կտրվածքով կկարողանա դիմադրել: Մեր քաղաքացիների համբերության բաժակը լիքն է, և նրանք երկարաժամկետ պայքար չեն ուզում: Ըստ Էության, այսօր մենք՝ քաղաքական գործիչներով, ապահովում ենք անցնցումնայնությունը: Եթե հասարակական տրամադրությունների մեծամասնությանը թողենք, նույնիսկ կարող է արյունալի հեղափոխության տարբերակը լինի: Որպես քաղաքական գործիչներ՝ հասկանում ենք, որ երկիրը այդպիսի շռայլության իրավունքը չունի, ոստիև ավելի անցնցում իշխանափոխության տարբերակով ենք ընթանում»,- ընդգծել է Մարտիրոսյանը:

Պատգամավորի կարծիքով՝ անցնցում իշխանափոխությունը նաև թույլ կտա իշխանություններին կամուրջներ ունենալ: «Նրանք օտարազգի չեն, մեր հայրենակիցներն են: Բացի այդ՝ երկրին ցանկացած դեպքում անցնցում ընթանալու համար անհրաժեշտ է նրանց գործընկերությունը: Ցանկացած պարագայում մեզ համար ցանկալի է, որ այս քաղաքական գործընթացից հետո իրենց ներկայացուցիչները, որոնք իրենցից քաղաքական տարր են ենթադրում և կարող են դրական քայլեր իրականացնել, լինեն քաղաքական դաշտում: Նոր իշխանությանը նաև ընդդիմություն է անհրաժեշտ լինելու: Հանրապետական կուսակցությունից հրաշալի ընդդիմություն կստացվի»,- ասել է Մարտիրոսյանը:

Մենք բոլորս մեկ նավի մեջ ենք գտնվում և պետք է փորձենք առանց մեծ ճոճերի փոփոխության հասնել: Հուսով եմ՝ ամեն դեպքում ընթացող գործընթացները կավարտվեն հաղթանակով, և իշխանությունը կհասկանա այն շքեղ առաջարկը, որ հարթակում կանգնած ընդդիմությունն իրենց անում է»,-հույս է հայտնել ՍիվիլՆեթի զրուցակիցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Մեկնաբանել