Թուրքական մամուլն այժմ Էրդողանի «տիրույթում» է

Վերջերս Էրդողանի ցասման ականատես են դարձել օտարերկրյա մի շարք լրագրողներ Վերջերս Էրդողանի ցասման ականատես են դարձել օտարերկրյա մի շարք լրագրողներ

Today’s Zaman-ում լույս է տեսել սյունակագիր Յավուզ Բայդարի հոդվածը՝ «Թուրքական մամուլն այժմ Էրդողանի «տիրույթում է» վերնագրով: Այն անդրադառնում է Թուրքիայում մամուլի ազատության թուլացմանն ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տեղական և միջազգային լրատվամիջոցների դեմ արշավին: Վերջերս Թուրքիայի ղեկավարի ցասման ականատես են դարձել օտարերկրյա հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք ավելի ուշ կիսել են Էրդողանի հետ հանդիպման իրենց տպավորությունները: Բայդարի հոդվածը որոշ կրճատումներով և թարգմանաբար ներկայացված է ստորև:

Շինարարական աշխատանքների մեկնարկից հետո Թուրքիայի մեդիա հսկաներում մի շարք մեծ նկարներ վկայում էին, որ հսկայական շինությունը կանաչապատ ահռելի տարածքում, որը համարվում է Անկարայի «թոքերը», նախապատրաստվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ որպես նախագահի տիրակալության համար:

Այդուհանդերձ, հիմնական լրատվամիջոցներից և ոչ մեկը չհամարձակվեց խորը ուսումնասիրել պալատի կառուցման իրավական և ֆինանսական պատմությունը:

Ո՛չ հետաքննություն, ո՛չ հանրային քննարկում, ոչինչ:

Միայն մի քանի տպագիր և առցանց փոքր լրատվականներ փորձեցին լուսաբանել այդ ամենը:

Հարցը բարձրացվեց միայն այն ժամանակ, երբ ի հայտ եկավ պալատի տգեղությունը՝ խորհրդանշելով «նոր կարգերը» և ուղղորդվելով կոռուպցիայի և ագահության մեղադրանքներով:

«Նախքան New York Times-ի առաջին էջին նկարը տեսնելը ես դրա մասին տեղյակ չէի»,- Վաշինգտոնում ինձ ասաց ամերիկացի նախկին դիվանագետներից մեկը:

Նախագահ Էրդողանի համար ամեն ինչ՝ կապված մամուլի հետ՝ ազգային կամ օտարերկրյա, հստակ է՝ նրանք գլոբալ դավադրության մաս են կազմում, որը կազմակերպվել է իր տապալմանը ձգտող «ուժերի» կողմից:

Զարմանալի չէ, որ անցյալ շաբաթ նա շարունակեց հարվածել մամուլին՝ որպես թշնամու: Դրվագը կասկած չի հարուցում, որ նրա հարվածները դեռ անկախ մնացած, քննադատական մամուլի դեմ, կշարունակվեն ամբողջ ուժով:

Վերջերս միջազգային լրատվականների մեծ խումբ Անկարայում նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը դարձավ մամուլի հանդեպ նրա թշնամական վերաբերմունքի անմիջական ականատեսը:

«Հենց սկզբից նա անցավ հարձակման՝ ընդունելով ագրեսիվ կեցվածք և որակելով մամուլի աշխատանքը որպես կողմնակալ և նախապաշարված»,- գրել է Ջոել Սայմոնը՝ Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի (CPJ) գործադիր տնօրենը:

«Նրա ցասման գլխավոր թիրախը տեղական մամուլը չէր, չնայած նրանց հասցեին էլ բավականաչափ քամահրանք արտահայտվեց, այլ New York Times-ն ու CNN International-ը:

Նա հայտարարեց, որ երբեք վիրավորանքներ չի հանդուրժի և ասաց, որ ինքը շատ դեմ է ինտերնետին: Եթե Էրդողանն իրեն այսպես է պահում օտարերկրյա լրագրողների խմբի հետ, կարելի է միայն պատկերացնել՝ ինչ է նա ասում մասնավոր զրույցներում»,- գրել է Սայմոնը:

Մինչև այժմ մասնավոր զրույցներում նրա ասածների հետևանքները հեշտ է չափել:

«Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP, ԱԶԿ – ՍիվիլՆեթ) իշխանության 12 տարիների ընթացքում լրագրողների թիվը, որոնք կորցրել են իրենց աշխատանքը, որովհետև ընդվզել են հանուն մասնագիտական արժեքների և խոսքի ազատության պաշտպանության, մոտենում է 2000-ի: Այս թիվը գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP, ԺՀԿ – ՍիվիլՆեթ) համապարփակ զեկույցի բազմաթիվ բացահայտումներից մեկն է:

«Կոտրված գրիչներով լրագրողներ» խորագիրը կրող զեկույցում ասված է, որ Թուրքիայում լրատվամիջոցների 75 տոկոսը՝ Turkish Radio-ի, Television Corporation-ի (TRT) և Anadolu լրատվական գործակալության գլխավորությամբ, գտնվում է Էրդողանի «տիրույթում» կամ ԱԶԿ-ի վերահսկողության տակ:

Գեզիի ցույցերից ի վեր ավելի քան 980 լրագրող ազատվել է աշխատանքից. նրանցից շատերը երբեք չեն վերականգնվի իրենց աշխատատեղերում:

CHP-ին բնորոշ անվրդով ոճով զեկույցը կուսակցության կայքում չի հրապարակվել, առավել ևս չի թարգմանվել անգլերեն կամ գերմաներեն:

Ավելին:

CHP-ի զեկույցից անմիջապես հետո հրապարակվեց Վաշինգտոնում գործող Rethink Institute վերլուծական կենտրոնի հետազոտությունը, որը վերնագրված է «Թուրքիայում մամուլի ազատության թուլացումը»:

Զեկույցը գլխավորապես կենտրոնացած է իրադրության վատթարացման վերջին երեք տարիների վրա: Այն մանրակրկիտ զեկույց է, որը վեր է հանում թուրքական մամուլում կոռուպցիոն տարրերը:

Մեկնաբանել