Շիրակի մարզի ավտովթարի գործով ձերբակալված կա

mesՇիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած` 7 մարդու մահվան ելքով ավտովթարի գործով ձերբակալվել է վթարի մասնակից, «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանը: Ինչպես հաղորդում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է` Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Այն նախատեսում է չորսից տասը տարի ժամկետով պատիժ:

Առողջապահության նախարարության նոյեմբերի 11-ին տարածած հաղորդագրության համաձայն` ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել: 17-ամյա ուղևորը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: 14-ամյա պատանին, որ հիվանդանոց է տեղափոխվել բազուկների ու անրակների կոտրվածքներով, կվիրահատվի: Պատահարի հետևանքով վիրավորներից մեկն ունի 35 տոկոս այրվածքներ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Մյուս երեք վիրավորի վիճակը միջին ծանրության է:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 10-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 108 կմ-ում բախվել են «Գազել» մակնիշի 08-11L պ/հ և «Կամազ» մակնիշի 533 SU 61 պ/հ ավտոմեքենաները, ինչից «Գազել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.44-ին, մարվել` 19.51-ին: Ամբողջությամբ այրվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով զոհվել էր 7 քաղաքացի, ևս 7-ը` վիրավորվել:

Մեկնաբանել