Ռումինիայում հայագիտության ինստիտուտ է բացվել

Ռումինիայում Հայագիտության ինստիտուտի բացումը: Ռումինիայում Հայագիտության ինստիտուտի բացումը:

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում նոյեմբերի 7-ին պաշտոնապես բացվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջին Հայագիտության ինստիտուտը:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` ինստիտուտի հիմնադրումը նախաձեռնել են նրա ղեկավար, նույն համալսարանի Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով ուսումնասիրությունների դոկտորական դպրոցի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը և Ռումինիայում ՀՀ դեսպանությունը` Ռումինիայի Հայոց միության աջակցությամբ:

Նաստասե-Կովաչը կարևորել է այս ինստիտուտի բացումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

«Մենք հպարտ ենք, որ հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը մոդել են հանդիսացել ռումինների, հունգարների և գերմանացիների համար: Նոր ինստիտուտը կարևոր և անհրաժեշտ քայլ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայկական համայնքների ուսումնասիրության բնագավառում և պետք է հետազոտություններ կատարի ոչ միայն անցյալին, այլև ներկային և ապագային վերաբերող թեմաներով»,- իր հերթին ասել է համալսարանի ռեկտոր Իոան-Աուրել Պոպը:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, որ ներկա էր ինստիտուտի բացմանը, նշել է, որ ԵՊՀ-ն հնարավորինս կաջակցի հաստատության գործունեությանը: Բացման արարողությունից առաջ Իոան-Աուրել Պոպն ու Արամ Սիմոնյանը պայմանավորվել են համագործակցության պայմանագրեր կնքել Կլուժի և Երևանի համալսարաննների, ինչպես նաև Հայագիտության ինստիտուտների միջև:

Ի դեպ` Հայագիտության ինստիտուտը, Բաբեշ-Բոյայ համալսարանից բացի, իր նստավայրը կունենա նաև Գեռլայում` նախկին Արմենոպոլիս քաղաքում:

Բաբեշ-Բոյայ համալսարանը համարվում է Ռումինիայի հեղինակավոր բուհերից մեկը: Համալսարանի հետաքրքրությունը պայմանավորված է Տրանսիլվանիայում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգության առկայությամբ: Հայերն այստեղ հաստատվել են 17-րդ դարի վերջերում, հիմնել բնակավայրեր և մեծապես նպաստել այդ տարածքների տնտեսական զարգացմանը, արհեստների ու առևտրի խթանմանը, մշակույթի ու կրթության մակարդակի բարձրացմանը: Այդ մասին տեղական արխիվներում, գիտակրթական հաստատություններում, թանգարաններում և հայ կաթողիկե եկեղեցիների պահոցներում առկա են հարուստ նյութեր, հունգարերեն և ռումիներեն լեզուներով գրվել և գրվում են պատմական և գիտական ուսումնասիրություններ: Ակնկալվում է, որ Հայագիտության ինստիտուտի հիմնադրմամբ այդ աշխատանքներին տրվելու են առավել ծրագրային բնույթ և ուղղվածություն: