Ըստ սրբազան հայրերի՝ բոլոր զոհերը չեն, որ արժանի են սրբացման:
Հայ առաքելական եկեղեցին այս օրերին պետք է քննարկի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին սրբադասելու կարգը. մի բան, որ վերջին անգամ արել է 15-րդ դարում: Եկեղեցին, սակայն, մտահոգություններ ունի: Բանն այն է, որ, ըստ սրբազան հայրերի, այսինքն, Գերագույն հոգևոր խորհրդի որոշ ներկայացուցիչների, բոլոր զոհերը չեն, որ արժանի են սրբացման:
Նրանցից ոմանք եղել են անհավատ, ոմանք չեն սպանվել, այլ դիպվածի պատճառով մահացածներ են, ոմանք անհավատներ են (այդ դեպքում ինչո՞ւ եք գրչի մի հարվածով հռչակում 1,5 միլիոն զոհեր, գրեք՝ 1 միլիոն` պլյուս մինուս դիպվածով զոհերը, հավատուրացները, որոնք, այնուամենայնիվ, սպանվել են, անհավատները, աղանդավորները և այլն): Իսկ մենք մինչև հիմա կարծում էինք, որ նրանք սպանվել են, որովհետև հայ էին, ոչ թե Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Ուրեմն տեղի ունեցածում որտե՞ղ է Հայոց ցեղասպանությունը, ընկերներ (կամ՝ ողորմած հոգիներ): Եկեղեցին վտանգավոր տեղ է մտնում, զոհերի հավատացյալ կամ անհավատ լինելը նրա գործը չէ, որովհետև եկեղեցին կոնկրետ է, իսկ Աստված՝ ոչ: Ավելի ճիշտ, եկեղեցու տեղը գիտենք, Աստծունը՝ չգիտենք: Ես իմ ադրբեջանցի հյուրին կարող եմ խաղաղ օրերին ուղեկցել եկեղեցի, նա կարող է էթիկական պատճառներով այնտեղ մոմ վառել (ես, օրինակ, Վրաստանի հենց ադրբեջանական մզկիթներից մեկում մասնակցել եմ մահմեդական նամազի արարողությանը), բայց պատերազմի ժամանակ բացառված չէ, որ միմյանց կոկորդ կտրենք: Ընդ որում՝ տեսախցիկների առաջ, ինչպես ընդունված է «քաղաքակիրթ» աշխարհում: Ո՞ր պահից ես կամ իմ ադրբեջանցի հյուրը դարձանք հավատի զոհ:
Աստված ավելի տարողունակ է, եթե նույնիսկ ամբողջ Արեգակնային համաստեղությունը դառնա մեկ Հայ առաքելական եկեղեցի, այնքան տարողունակ, որ 1,5 միլիոնից ոչ մեկին էլ կարելի է չսրբացնել հենց միայն այն պատճառաբանությամբ, որ նրանցից ոչ մեկը ի վիճակի չի եղել Աստծուն կրել ամբողջ էությամբ: Հետևաբար, եկեղեցին ավելի լավ կանի հանգիստ թողնի նրանց հոգիները: Ես հասկանում եմ, որ եկեղեցին ինստիտուտ է: Հասկանում եմ նաև այն, Գերագույն հոգևոր խորհրդի նիստում ինչ է ասել Ամենայն հայոց կաթողիկոսը. «Եկեղեցին զորանում է իր սրբերով»: Սակայն իր սրբերն ունենալու համար ցանկացած եկեղեցի կարիք ունի տեղայնացնելու նրանց հավատը: Այսինքն, կաթոլիկությունից կտրի, բերի կցի Առաքելականությանը, Առաքելականությունից կտրի, տանի կպցնի բողոքականությանը: Սրբադասումը եկեղեցու գործունեության արդյունավետության ցուցիչներից է: Այսինքն, թե ինչքան հզոր է եղել տվյալ եկեղեցուն կից նրա հավատը Աստծո հանդեպ:
Բայց այստեղ խնդիր կա: Ինչպե՞ս վարվել այն ոչ սրբերի հետ, որոնք ընկել են այն նույն յաթաղանից, որով ընկել են սրբերը: Որոնք տեսել են Աստծո արարածի (ինչպես ընդունված է կարծել) հրեշավոր հայացքը սուրն իջեցնելիս, որը նայել է իր սարսափած ու անօգնական զոհի աչքերի մեջ: Մարդասպանն իհարկե մեկ վայրկյան իրեն չի տանջել էն մտքով, որ զոհն անօգնական է: Նաև էն մտքով, որ Աստված, ի վերջո, մեկ է: Գոնե ինչ-որ մակարդակում: Նշանակում է՝ ոմանք սպանվել են բոլոր աստվածներից կամ միակ Աստծուց անկախ: Իսկ եթե թուրքերի ձեռքը կառավարել է իրենց Աստվածը ընդդեմ մեր «սիրիր թշնամուդ» մտքի հեղինակի, ուրեմն ինչո՞ւ սրբերը չէին կարող լինել հենց 1,5 միլիոն, եթե զոհերը հենց այդքան են: Եվ եթե, այնուամենայնիվ, բոլոր զոհերը չէ, որ Աստծունն են, ի՞նչ անել այդ մարդկանց հետ: Պարզ է, չէ՞, որ նրանք արդեն իսկ տիրապետում են (եթե հետմահու կյանքը փաստ է) մի ճշմարտության, որտեղ սրբանալն ու չսրբանալը մանկական անգիտակից խաղ էլ չեն:
Մյուս կողմից՝ ի՞նչ է եղել, եկեղեցին չի ասում, որ այդ մարդիկ ցեղասպանության զոհեր չեն, պարզապես ինքն ուզում է սրբացնել նրանց, ովքեր սպանվել են հենց Առաքելական հավատքին կառչած մնալու համար (ընդունենք, որ եկեղեցին գիտի նրանց կոնկրետ թիվը): Այո, սրբադասումը եկեղեցու գործն է (կաթոլիկներն օրինակ այս տարվա ապրիլին սրբացրեցին Հռոմի 261-րդ և 264-րդ պապերին, կաթոլիկ եկեղեցին փաստում է, որ հզոր եկեղեցի ունենալու համար հզոր սրբեր են պետք, կամ հնարավոր չէ ունենալ այդպիսի սրբեր առանց հզոր եկեղեցու, երկու դեպքում էլ եկեղեցին ընկած է իր ինստիտուցիոնալության հետևից), ինքն է որոշում, թե ովքեր են իր սրբերը: Անիմաստ է եկեղեցուն մեղադրել, թե ինչու է ընտրողաբար վերաբերվում զոհերին: Բարդ հարց է: Մեկը եղել է անհավատ, նրա կնոջն ու երեխային աչքի առաջ մորթել են, հետո իրեն են մորթել առանց հավատի մասին որևէ հարց տալու, պայմանավորվում ենք, սուրբ չէ: Մյուսը հավատացյալ է եղել, Ախթամարում կամ հայկական առաքելական այլ եկեղեցում աղոթել է առ Աստված ու տանը պարզապես ծեծել կնոջը, իսկ սպանվելիս չի էլ հասցրել հավատափոխ լինել, որովհետև նրա կարծիքը չեն էլ հարցրել: Այ ինքը սուրբ է: Դո՛ւ, աշխարհի՛կդ, ունե՞ս սրբադասման կարգ: Չունես: Ուրեմն լռիր և մի դատիր այն մասին, թե ովքեր են սրբացնողները և ովքեր են ենթակա սրբացման: Եթե սրբացվում են Աստծուն մոտ լինելու համար, Աստված նրանց տեղը գիտի, նույնիսկ եթե նրանք անէությունում են, իսկ եթե սրբացվում են, որպեսզի մենք իմանանք եկեղեցու գինը, թուրքերն ու հայերն այստեղ կապ չունեն, մարդիկ քրիստոնեության զոհերն են:
Ցեղասպանության մեջ, որպես երևույթ, հավատ չկա: Եթե սա սրբացում է ցեղասպանությունից անկախ, այսինքն, այն ձևակերպումով, որ «մենք մեր մեռելներին ենք տեր կանգնում», թող հայտնի լինի եկեղեցուն (բոլոր եկեղեցիներին), որ դա հոգևոր ֆաշիզմ է: Ինչպես բոլոր կրոնները (ներառյալ՝ աղանդները և աթեիզմը) միմյանց հանդեպ:
Մհեր Արշակյան