Ժխտման համակարգող կենտրոններ․ Շահան Գանտահարյան

Շահան Գանտահարյան Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Ժխտման համակարգող կենտրոններ» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

«Ազերնյուզ» կայքի հրապարակած լուրը, որի համաձայն, Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ, ադրբեջանական սփյուռքը համակարգող կենտրոններ են բացվելու աշխարհի տարածքում, ներառյալ` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ուկրաինայում և Գերմանիայում, հավանաբար հիմնական նորություն չի փոխանցում: Ադրբեջանական սփյուռք, դասական հասկացողությամբ, գոյություն չունի. այս նախաձեռնությունը Անկարայի փորձի զուգահեռ բնույթն ունի: Լրատվություններին հետևողները անպայման կհիշեն, որ Թուրքիան մի քանի անգամ համագումարներ կազմակերպեց թուրքական սփյուռքը համախմբելու և հանձնարարականներ տալու նպատակով:

Հայաստանի Հանրապետություն-սփյուռք հետզհետե զարգացող համագործակցությունը իհարկե աննկատ չի անցնում Անկարայի կողմից, և ոչ միայն Անկարայի, այլ նաև հայտնաբար Բաքվի: Երկու երկրների փորձածներն իրենց խորքում ունեն հակակշիռ գործողության տրամաբանություն:

Անկարան իր սփյուռքի գոյությունը մի քանի անգամ զգացրեց հակացույցերով, ինչ որ ավելի համոզիչ դարձրեց այդ նախաձեռնությունների հակակշիռ բնույթը: Թուրքական սփյուռքի այսօրվա պատկերը ուսումնասիրելու համար բնականաբար պետք է հենվել Թուրքիայից դուրս քաղաքացիների ժողովրդագրական սփռվածության, տեղի երկրների հասարակության հետ համարկման միտումների և հատկապես Եվրոպայում կատարվող փորձի վրա` քաղաքական հաստատություններում ներկայություն ապահովելու: Սակայն այստեղ իբրև թուրք քաղաքացի ներկայացողների ծագման մասին գաղափար կազմելը կարևոր է` այն պատճառով, որ դրանց կարևոր մասը ոչ թուրք ինքնություն ունի: Բայց դա արդեն տարբեր խնդիր է: Հիմա այս դեպքում դիտարժան կետը, թուրքական սփյուռքի հայկական հարցերով կազմակերպվածության աստիճանաչափն է:

Հակազդող այս հանգամանքը անհամեմատելի չափերով զիջում է հայկական սփյուռքի քաղաքական նկարագրին և կազմակերպվածությանը: Այս դաշտում հայկական կողմը հստակ առավելություններ ունի: Խոսքը չի վերաբերում պետական միջամտություններով կացություններ ստեղծելու կամ շրջելու Անկարայի դերակատարությանը, այլ Թուրքիայից դուրս սփռված Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիների անկազմակերպվածությանը:

Էլ ուր մնաց ադրբեջանական մանրապատկերի մասին համեմատություն կատարելը: Այս բոլորի վիճակագրական և վերլուծական գնահատական տալը խիստ կարևոր է, մանավանդ 100-ամյակի դիտանկյուններից: Թուրքիայից դուրս մղվելիք քարոզչաքաղաքական պատերազմի ուժերի գնահատումը անգիր օրենք է:

«Ազերնյուզը» պարզաբանում է, որ ադրբեջանական սփյուռքի համակարգող կենտրոնների գործառույթների մաս է կազմում Հայոց ցեղասպանության ժխտումը: Այս գործառույթը բացառված չէ, որ նախագծվել է Անկարա-Բաքու միացյալ քարոզչամեքենայի կողմից: Ավելի համոզիչ կլիներ, եթե գործառույթներից առաջինը արցախյան հարցի վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվության տարածումը և պատմության նենգափոխումը լիներ: Սակայն, 100-ամյակի նախօրեին ադրբեջանական սփյուռքի համակարգող կենտրոնների ցանցի հայտարարությունը մատնում է Անկարայից եկած ներշնչման և պատվերի առկայությունը:

Հայկական կողմը առավելություններ ունի. սա սեփական ուժի գերագնահատում չէ: Սփյուռքի կառուցակարգումն ու քաղաքականացումը զարգացում են ապրել և հարյուրամյա ճանապարհ անցել: Թուրքական և ադրբեջանական համակարգող կենտրոնները պարզապես պիտի աշխատեն հակակշիռ գործողություններ կազմակերպելու տրամաբանությամբ: Եթե աշխատեն…