Արցախի հարցը` փորձաքար ՀՀ-ի և Արցախի իշխանությունների համար

karabakh flag nkr1Հայաստանի Ազգային ժողովը նոյեմբերի 11-ին արտահերթ կարգով քննարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած որոշման նախագիծը «ԼՂՀ և ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին»։ Ինչպես Արցախի ճանաչման մնացած նախաձեռնությունների դեպքում, այս անգամ ևս Ազգային ժողովն ի վիճակի չեղավ արժանավայել կեցվածք ցուցաբերել: Նախորդ դեպքերի ժամանակ հայաստանյան քաղաքագետներից մեկը նկատել էր, որ խորհրդարանական մեծամասնությունն ուղղակի փախչում է Արցախի ճանաչման մասին լսելով:

Զարուհի Փոստանջյանի այս որոշումը կանխելու համար ՀՀ իշխանությունները լուրջ պատրաստություն էին տեսել՝ խաղի մեջ ներգրավելով նաև Արցախի իշխանություններին: Սկզբից «Ժառանգություն» կուսակցության համար Արցախում էքսկուրսիա էր կազմակերպել Բակո Սահակյանը՝ անձամբ ստանձնելով էքսկուրսավարի դերը՝ դրա ընթացքում խնդրելով ՀՀ ԱԺ խմբակցությանը խորհրդարանից հետ կանչել որոշման նախագիծը: Սրան հաջորդել էր Արցախի խորհրդարանական պատվիրակության այցը Երևան, բարձր մակարդակի ընդունելությունը, որտեղ ԼՂՀ ԱԺ նախագահը բացասական էր արտահայտվել Փոստանջյանի նախաձեռնության վերաբերյալ: Հայաստանում դողում են Արցախի ճանաչման կամ ստատուս քվոյի որևէ փոփոխության մասին մտածելիս՝ մոռանալով, որ ստատուս քվոն նաև հայկական կողմի օգտին կարելի է փոխել: Որոշում ընդունողների «ժանգոտած» սերունդը չի կարողանում Արցախի հարցով այլ բան պատկերացնել, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում անպտուղ հանդիպումները:

ԱԺ պատգամավորներից մեկը որոշման նախագծի քննարկման ժամանակ կարծես մոռացել էր, որ ներկայացնում է Հայաստանի ժողովրդին և մտահոգված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագրով՝ նշելով, թե որոշմամբ այդ խմբի ճակատագիրը դրվում է կասկածի տակ: Իսկ ոչ իշխանական ուժերից մեկի ներկայացուցիչն էլ անհանգստացած էր, որ այս որոշման ընդունումով Հայաստանը միակողմանիորեն դուրս է գալիս բանակցություններից և տապալում խաղաղարար գործընթացը:

ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների այս և այլ ելույթներ ցույց են տալիս, թե ինչքան է հայաստանյան քաղաքական դաշտը հեռու Արցախի խնդիրը պատկերացնելուց, հայկական շահերը գիտակցելուց և ինչքան է անկարող առաջ մղել դրանք:

Այնինչ Զարուհի Փոստանջյանի մտահոգությունը տեղին էր: Հայաստանը հայտարարել և ապա ստորագրել է վերազգային կառույցի միանալու պայմանագիրը, որը շուտով կհայտնվի Ազգային ժողովում՝ վավերացման համար: Արցախի հետ հստակ իրավական հարաբերություններ ունենալն օրախնդիր հարց է:

Անընդունելի է նաև արցախյան իշխանությունների պահվածքը: Վերջիններս չեն կարողանում թոթափել երևանյան հրահանգներով աշխատելու գործելաոճը, ինչի պատճառով զրոյական ազդեցություն ունեն Հայաստանում կատարվող իրադարձությունների վրա, այդ թվում Արցախի հետ կապված որոշումներում: Արցախյան քաղաքական գործիչները, ուժերը և վերլուծական հանրությունը բազմիցս առաջարկել են Երևանի և Ստեփանակերտի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագիր կնքել, ինչը կհստակեցնի մի շարք հարցեր, Հայաստանի՝ այլ կառույցների հետ ինտեգրվելու ժամանակ կնվազեցնի դրանից բխողը մարտահրավերներն Արցախի համար: Արցախի իշխանությունները Փոստանջյանի որոշման փոխարեն գոնե այդ պայմանագրի մասին կարող էին ակնարկել Երևանին:

Փոստանջյանի որոշման նախագիծն ու դրա շուրջ պաշտոնական Ստեփանակերտի և ՀՀ ԱԺ մեծամասնության (ներառյալ ընդդիմության մի մասն ու անկախ պատգամավորին) ցույց տվեցին, որ թե՛ Արցախի իշխանությունները, թե՛ ՀՀ Ազգային ժողովը էական ազդեցություն չունեն ո՛չ Հայաստանում ընդունվող որոշումների, ո՛չ որոշում ընդունողների վրա:

Մեկնաբանել