Հռոմի պապին կոչ են անում չայցելել Էրդողանի նստավայր

Նոյեմբերի 28-30-ը Հռոմի պապը կայցելի Թուրքիա Նոյեմբերի 28-30-ը Հռոմի պապը կայցելի Թուրքիա

Թուրքիայի ճարտարապետների պալատը նամակ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկին՝ կոչ անելով նրան չայցելել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորակառույց նախագահական նստավայր, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Հռոմի պապը լինելու է օտարերկրյա առաջին հյուրը, որը նոյմբերի 28-ին այցելելու է Թուրքիայի նախագահական պալատ՝ (ոչ պաշտոնապես՝ «Սպիտակ պալատ», թուրքերեն՝ Ak Saray – ՍիվիլՆեթ) մասնակցելու այնտեղ կայանալիք պաշտոնական արարողությանը:

Ինչպես գրել է Today’s Zaman-ը, Ճարտարապետների պալատի նամակին կցված է մանրամասն զեկույց, որը վերաբերում է պալատի անօրինականությանը, այդ թվում՝ նախկինում վարչական դատարանի կայացրած որոշումը՝ արգելել պալատի շինարարությունը Աթաթուրքի անտառային հողատարածք (AOÇ) կանաչապատ պաշտպանված տարածքում: Էրդողանը հրապարակայնորեն մարտահրավեր էր նետել դատարանի որոշմանը՝ պնդելով, որ ավարտին է հասցնելու պալատի կառուցումը: Ճարտարապետների միության նամակում ասված է, որ Հռոմի պապի այցը կօրինականացնի շինությունը: Նամակի հեղինակները նաև հայտարարել են, որ մտադիր են նմանատիպ ուղերձներ հղել օտարերկրյա մի շարք նախագահների և դեսպանների:

Թուրքիայի Ճարտարապետների պալատի նախագահ Թեզջան Քարաքուշ Ջանդանը լրագրողներին ասել է, որ իրենք AOÇ-ի համար պայքարը հասցնում են միջազգային մակարդակի:

Վերջերս հանրության ուշադրությանն է ներկայացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր նստավայրը, որը կառուցվել է կանաչապատ պաշտպանված տարածքում և այդ նպատակի համար հատվել են հարյուրավոր ծառեր: Պալատի կառուցումը վրդովմունք է առաջացրել Թուրքիայի հանրության ներսում և ընդդիմադիրների շարքում. երկրի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ երկրի նախագահի նոր նստավայրն արժեցել է 615 մլն դոլար:

«Սպիտակ պալատ» կոչվող նստավայրի զբաղեցրած տարածքի վերաբերյալ թուրքական մամուլում տարբեր տեղեկություններ կան: Այսպես՝ ըստ Today’s Zaman-ի՝ պալատը կառուցված է 300 հազ. ք/մ տարածքի, իսկ ըստ Hurriyet Daily News-ի՝ մոտ 150 հազ. ք/մ տարածքի վրա:

Էրդողանի նոր աղմկահարույց պալատին անդրադարձել են միջազգային հեղինակավոր մի շարք պարբերականներ:

Վատիկանի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նոյեմբերի 28-30-ը Հռոմի պապը առաքելական այց կկատարի Թուրքիա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները երկրի նախագահի, վարչապետի հետ, նաև՝ այցելություն նախագահական նստավայր և Սբ Սոֆիայի տաճար:

Մեկնաբանել