Հրվ. Օսիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Դոնեցկի և Լուգանսկի հետ

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլով Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլով

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը արտգործնախարարությանը հանձնարարել է «դիվանագիտական և այլ» հարաբերություններ հաստատել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ։ Տիբիլովի խոսքով՝ այսպիսով Հարավային Օսիան իրեն դրսևորում է «որպես ինքնուրույն, անկախ պետություն, որն ունի աշխարհում ընթացող քաղաքական գործընթացների սեփական տեսլականը»։

Այն մասին, որ Հարավային Օսիայի արտգործնախարարությանը հանձնարարվել է «ձեռքը զարկերակին պահել» և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Դոնեցկի ու Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» հետ, Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է օսական «Իռ» պետական հեռուստառադիոընկերության եթերում։ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» և «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» անկախության ճանաչման մասին հրամանագրերը Տիբիլովը ստորագրել է հունիսի 18-ին և 27-ին համապատասխանաբար, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։

Հարավային Օսիայի նախագահը զուգահեռներ է անցկացրել Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների և 2008թ․ ռուս-վրացական պատերազմի միջև․ «Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է նույն ուղիով, որով անցնում է Դոնբասի բնակչությունը։ Մենք մեր աչքով ենք տեսել պատերազմի սարսափները և չէինք կարող չաջակցել մարդկանց [Դոնբասի բնակիչներին]»։

Տիբիլովը նշել է, որ Ցխինվալին մտադիր է զարգացնել հարաբերությունները Հարավային Օսիան ճանաչած այլ երկրների հետ, ինչպես նաև շարունակել իր ինքնիշխանության հետագա ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեությունը։ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի անդամ չորս պետություն (Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն), մասամբ ճանաչված Աբխազիան, Մերձդնեստրը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։

Մեկնաբանել