Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:
«Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը խոցել են ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող երեք հայ զինվորականները։
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ղարաբաղյան ուղղաթիռի խոցելը որակել էԱդրբեջանի «աննախադեպ սադրանք» և զգուշացրել, որ Ադրբեջանի համար դրա հետևանքները «ցավոտ են լինելու»: