Ադրբեջանը ոչ թռիչքային գոտի է հայտարարել Ղարաբաղը

Ստեփանակերտի օդանավակայանը (Ֆոտոլուր): Ստեփանակերտի օդանավակայանը (Ֆոտոլուր):

Ադրբեջանը ոչ թռիչքային գոտի է հայտարարել «օկուպացված տարածքների օդային տարածությունը և ըստ կարգի՝ այդ մասին տեղեկացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին»։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտգործնախարարության՝ ղարաբաղյան ուղղաթիռի խոցման կապակցությամբ նոյեմբերի 12-ին տարածած հայտարարությունում։

Ադրբեջանը իրադրության սրման պատասխանատվությունը դնում է Հայաստանի վրա։ «Լարվածության պահպանման հիմնական պատճառը ադրբեջանական օկուպացված տարածքներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գտնվելու հանգամանքն է։ Այդ իսկ պատճառով առանց այդ էլ լարված իրադրության,- որի մասին ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է,- սրման ամբողջ պատասխանատվությունը Հայաստանն է կրում»,- ասված է հայտարարությունում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողին պարգևատրել է «Մարտական սխրանքի 3-րդ աստիճանի» շքանշանով։

Ադրբեջանի՝ Ղարաբաղը ոչ թռիչքային գոտի հայտարարելուն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։ «Հա-հա-հա։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել։ Դա նույնն է, ինչ ԼՂՀ ԱԳՆ-ն ոչ թռիչքային գոտի հայատարարի Բաքվի տարածքը :)»,- գրել է նա։

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը խոցել են ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող երեք հայ զինվորականները։

Հայաստանի արտգործնախարարությունն ու պաշտպանության նախարարությունը սադրանք են որակել ղարաբաղյան ուղղաթիռի կործանումը: Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զգուշացրել է, որ ուղղաթիռի խոցման հետևանքները Ադրբեջանի համար «ցավոտ են լինելու»: Նա ընդգծել է, որ ուղղաթիռը զինված չի եղել և մարտական գործողություն չի կատարել։

Ղարաբաղյան ուղղաթիռի խոցման կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը` նշելով, որ «միջադեպը հակամարտության սրման վտանգ է պարունակում»:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև Եվրամիությունը՝ կոչ անելով հետաքննել ուղղաթիռի խոցման միջադեպը։