Մոսկվան անհանգստացած է ուղղաթիռի խոցման միջադեպով

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչ

Ռուսաստանի արտգործնախարարությունը անհանգստություն է հայտնել նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ղարաբաղյան ուղղաթիռի խոցման առնչությամբ և զսպվածության կոչ արել Հայաստանին և Ադրբեջանին, հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մենք խիստ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպով, որը հանգեցրել է մարդկային զոհերի: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Նա նշել է, որ Ռուսաստանը հաստատակամ կոչով դիմում է հակամարտող կողմերին՝ խուսափելու քայլերից, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում լարվածության աճի:

«Հիշեցնում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը իրենց պատասխանատվության մասին՝ կատարելու հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում ստանձնած պարտավորությունները, որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում»,- ասել է Լուկաշևիչը։

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակադրբեջանական զինված ուժերը խոցել են ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող երեք հայ զինվորականները։

Հայաստանի արտգործնախարարությունն ու պաշտպանության նախարարությունը սադրանք են որակել ղարաբաղյան ուղղաթիռի կործանումը: Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զգուշացրել է, որ ուղղաթիռի խոցման հետևանքները Ադրբեջանի համար «ցավոտ են լինելու»: Նա ընդգծել է, որ ուղղաթիռը զինված չի եղել և մարտական գործողություն չի կատարել։

Ղարաբաղյան ուղղաթիռի խոցման կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը` նշելով, որ «միջադեպը հակամարտության սրման վտանգ է պարունակում»:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև Եվրամիությունը՝ կոչ անելով հետաքննել ուղղաթիռի խոցման միջադեպը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)«աննախադեպ» են որակել ուղղաթիռի կործանումը։

Մեկնաբանել